երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ԱԺ հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի գողության համար պատիժը խստացնելու հարցը

ԱԺ հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի գողության համար պատիժը խստացնելու հարցը

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Անդրադառնալով տրասպորտային միջոցներից կատարվող գողություններին՝ զեկուցողն ընդգծել է, որ այդ արարքն ունի մեծ տարածվածություն, ինչը մտահոգիչ է, և այդ առումով Ոստիկանությունը փորձում է ուժեղացնել առկա գործիքակազմը: «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ կան խմբեր կամ առանձին անձինք, որոնք այս ուղղությունը դարձրել են արհեստ»,- ասել է փոխնախարարը: Արմեն Մկրտչյանը խոսել է նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների մասին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ օրենսդրության մեջ անհրաժեշտ է ունենալ այնպիսի ձևակերպումներ, որոնք թույլ չեն տա անձանց կատարել հանցագործություններ և մնալ անպատիժ:

Նախաձեռնության վերաբերյալ դրական կարծիքներ են հայտնել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն ու պատգամավորները:

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններով էլ Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից խուսափելու՝ 461-րդ հոդվածում պատժաչափը՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման: Վարժական հավաքներից խուսափելու՝ 462-րդ հոդվածում առաջարկվում է «սանկցիայի տուգանք» պատժատեսակի չափն ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը «քսանապատիկի չափով» բառերը փոխարինել «տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը «երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով:

Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2023 թվականին վերոնշյալ հանցակազմերի մասով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, 2024 թվականին` 1779:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը կարևորել է ներկայացված օրենքի նախագիծը, կոչ արել կողմ քվեարկել:

Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: