ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

Ակտիվիստ Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Ավելի ուշ փաստաբան Վահե Եփրիյանը գրել է. «Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերով։

Իրավական ֆարսը շարունակվում է։

Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական - դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։

Նախորդիվ արտահայտածս մտահոգությունը, ցավոք, բայց հետզհետե իրականանում է` փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով կրկնում եմ` քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի»:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

 

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

 

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

  • Կիսվել: