Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու տուգանքը 25 հազարից կդառնա 50 հազար դրամ. նախագիծ
Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի մասով ունենք խոսուն վիճակագրություն. 2024 թվականին 56 հազար նման դեպք ենք արձանագրել, 2023-ին՝ 38 հազար: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 2-ի նիտին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
Անդրադառնալով առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված տուգանքներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն, որ սանկցիաներն արդյունավետ չեն:
Նախարարի տեղակալը նախ պարզաբանեց, որ վարորդական իրավունք չունեցող է համարվում նաև այն վարորդը, որը զրկված է եղել վարորդականից 1 տարի ժամկետով, որոնք 1 տարին լրանալուց հետո չեն վերականգնում տրանսպորտային միջոց վարելու իրավունքը:
«1 տարին լրանալուց հետո տեսնում ենք, որ կա տենդենց՝ քաղաքացիները չեն գնում նորից քննություն տալու և վարորդական վկայական վերցնելու, և երբ արձանագրվում է խախտումը, ընդամենը 25 հազար դրամ վճարելով, շարունակում են կատարել իրավախախտումը, ինչը բարձր հանրային վտանգավորություն է ստեղծում փաստացի՝ առանց վարորդական իրավունք ունենալու վարելու իմաստով»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ խնդրի լուծման նպատակով որոշում է կայացվել, որ վարչական իրավախախտման պարագայում սանկցիան պետք է բարձրացնել 25 հազար դրամից 50 հազար, իսկ եթե 1 տարվա ընթացքում իրավախախտումը երկրորդ անգամ է կատարվում, այն կդիտարկվի որպես Քրեական օրենսգրքով կատարված արարք: