երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Արամ Ազատյանի և մյուսների շուրջ գործընթացը շոու է, սակայն այդ շոուն հաջողությամբ չի պսակվելու. Փաստաբան

Արամ Ազատյանի և մյուսների շուրջ գործընթացը շոու է, սակայն այդ շոուն հաջողությամբ չի պսակվելու. Փաստաբան

Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի և վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Գեղամ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթում հանցանքի դեպք ընդհանրապես առկա չէ։ Նման պնդմամբ գործով դատական նիստից հետո InfoPort.am-ի հետ զրուցում հանդես եկավ Արաբկիրի փոխթաղապետ Գեղամ Կարապետյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը։

«Ողջ գործը հարուցված է զուտ գաղտնի տեսաձայնագրության / ՕՀՄ-ի և գաղտնի քննչական գործողության/ խոսակցության հիման վրա։ Ըստ էության նախաքննող մարմինը այդ խոսակցությունը համարել է հանցանքի դեպք, բայց իրականության մեջ այդ խոսակցության մեջ արծարծվող որևէ գործողություն տեղի չի ունեցել։ Մինչդեռ քրգործ հարուցելու դեպքում գործում է հակառակ տրամաբանությունը՝ տեղի է ունենում հանցանքի դեպքը՝ ապա դրա վերաբերյալ որևէ խոսակցություն համարվում է հանցանքի ապացույց»,- պարզաբանեց փաստաբանը։

Այնուհետև նա դրվագ առ դրվագ ներկայացրեց գործում տեղ գտած անհեթեթությունները։ «Օրինակ՝ գործով առաջին դրվագը, որով Արամ Ազատյանը և Արաբկիր վարչական շրջանի տեղակալ Կարապետյանը մեղադրվում են, իբրև թե, հանցանքի մասին իմանալու և այդ մասին չհայտնելու մեջ…Խոսքը գնում է 2021 թվականին տեղի ունեցած գործողության մասին, երբ Ազատյանը դեռևս թաղապետ չի եղել։ Ըստ գործի՝ կառուցապատող ընկերության հանցանքի հետևանքով Երևանի քաղաքապետարանին հասցվել է 10 մլն դրամի վնաս: Մինչդեռ Արամ Ազատյանը թաղապետ է նշանակվել 2022 թվականին, երբ այդ վնասը արդեն իսկ պատճառված է եղել Երևանի բյուջեին։ Ինչ վերաբերում է մեղադրանքի «իմանալ և չհատնելու» դրվագին, ապա դա ևս աբսուրդ է, քանզի քաղաքապետարանի վարչություններից մեկում այդ գործով արդեն իսկ ընթանում էր վարույթ, հետևաբար Ազատյանի և Կարապետյանի կողմից հաղորդում տալու անհրաժեշտություն չի եղել։ Ես այդ մասին դատարանում բարձրաձայնել եմ և, ըստ էության, դատախազը որևէ հակափաստարկ չի կարողացել բերել»,- մանրամասնեց փաստաբանը։

Գործի երկրորդ դրվագը, որը վերաբերվում է, իբրև թե, կաշառքի դեպքին, ըստ Ջաղինյանի, ընդհանրապես անհեթեթություն է։ «Ողջ գործը հիմնված է գաղտնի տեսաձայնագրության խոսակցության վրա։ Այս գործով ընդհանրապես ոչ վկա կա, ոչ փաստ, ոչ դեպք, նախաքննական մարմինը կաշառքի փաստ է համարել Ազատյանի և Կարապետյանի գաղտնի տեսաձայնագրված խոսակցությունը»,- պարզաբանեց Ջաղինյանը՝ այս պատմության մեջ փաստելով նաև մեկ այլ հակաիրավական դրվագ, երբ օպերատիվ տեսաձայնագրության մեկ դրվագ անհասկանալի կերպով արտահոսք է եղել համացանց (խոսքը վերաբերվում է Գեղամ Կարապետյանի անձի հետ կապված տեսագրությանը)։

Ըստ փաստաբանի՝ դա կատարվել է միտումնավոր՝ անձին նսեմացնելու, վարկաբեկելու նպատակով։ «Կամ՝ կաշառքի փաստ է դիտվել այգում արձան տեղադրելը։ Ո՞ր տրամաբանությամբ կամ օրենքով այգում արձան տեղադրելը կարող է դիտվել որպես կաշառքի փաստ։ Նորից եմ կրկնում այս ամբողջ գործընթացը դիտավորություն է, շոու, որևէ իրավական հիմք այս ամենի տակ չկա»,- ընդգծեց փաստաբանը։

Միևնույն ժամանակ նա վստահություն հայտնեց, որ այս «շոուն» հաջողությամբ չի պսակվելու և դատական գործընթացի ժամանակ արդարությունը վեր է հանվելու և հաղթելու է։

  • Կիսվել: