2024-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2289 քրեական վարույթ. Արթուր Նահապետյան
Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Հիմնական զեկուցող, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի խոսքով՝ 2024-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 849-ը:
Ավարտված վարույթներից 167-ը՝ 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, 682-ը՝ կարճվել:
Քննության արդյունավետության բարձրացման և միաժամանակ ծանրաբեռնվածության աճի մասին է վկայում 2023-ի վիճակագրական տվյալների հետ համեմատական վերլուծությունը:
Այսպես՝ 2024-ին Հակակոռուպցիոն կոմիտեում 465 վարույթ ավելի է քննվել, քան 2023 թվականին:
Ընդհանուր՝ 2023-ին քննվել է 1824 վարույթ: 2024-ին, նախորդ տարվա համեմատությամբ, ավարտված վարույթների թիվն աճել է 313-ով, 2023-ին ավարտվել է 536 վարույթ: Այսինքն՝ 2023-ի համեմատ 2024-ի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 25,5 տոկոսով, իսկ ավարտված վարույթների թիվը՝ 58,4 տոկոսով:
Դատարան ուղարկված վարույթները, ըստ հանցագործությունների բնույթի, եղել են ընտրությունների հետ կապված հանցագործություններ՝ 1 վարույթ 1 անձի վերաբերյալ, հափշտակություններ՝ 25 վարույթ 47 անձի վերաբերյալ, տնտեսական հանցագործություններ՝ 1 վարույթ 2 անձի վերաբերյալ, հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործություններ՝ 121 վարույթ 290 անձի վերաբերյալ, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ՝ 1 վարույթ 5 անձի վերաբերյալ և այլ հանցագործություններ՝ 11 վարույթ 28 անձի վերաբերյալ:
«2024-ին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել ընդհանուր 175 հանրային ծառայող: Հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է ընդհանուր 435 անձ, որոնցից 1-ն ազատ է արձակվել ձերբակալման օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու, իսկ 293-ը՝ անազատության մեջ պահելու անհրաժեշտության վերացման հիմքերով:
Քննված քրեական վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու ընդհանուր 148 միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից բավարարվել է 84-ը:
Միջնորդությունները մերժելու մասին 24 որոշումներից 3-ի դեմ դատախազի կողմից բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են:
Տնային կալանքը, որպես խափանման միջոց, կիրառվել է 61, վարչական հսկողությունը՝ 6, պաշտոնավարման կասեցումը՝ 57, իսկ գրավը՝ 106 մեղադրյալի նկատմամբ»,- հայտնեց Նահապետյանը:
2024-ին դատարան ուղարկված և կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմել է 4 միլիարդ 468 միլիոն 232 հազար 720 դրամ, որից պետությանը պատճառված վնաս՝ 3 միլիարդ 802 միլիոն 132 հազար 612 դրամ:
Ավարտված վարույթներով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 477 միլիոն 556 հազար 413 դրամ:
Որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց՝ ավարտված քրեական վարույթներով արգելանք է դրվել 275 միլիոն 315 հազար 827 դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա: