երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հայաստանը նախորդ տարի միջպետական հետախուզում է հայտարարել 1200–ից ավելի անձի նկատմամբ

Հայաստանը նախորդ տարի միջպետական հետախուզում է հայտարարել 1200–ից ավելի անձի նկատմամբ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին միջպետական հետախուզում է հայտարարել 1200–ից ավելի անձի նկատմամբ:

Այս մասին ասաց ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ԱԺ–ում «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագծի ներկայացման շրջանակում:

«2025 թվականի փետրվարի 28–ի դրությամբ ԱՊՀ հետախուզում հայտարարված է բոլոր պետությունների կողմից 160 հազարից ավելի անձի նկատմամբ: 2024 թվականի ընթացքում ՆԳՆ կողմից միջպետական հետախուզում է հայտարարվել 1200–ից ավելի անձի նկատմամբ: 2023–ին թիվը եղել է 867, 2022–ին՝ 1400–ից ավելի»,–ասաց փոխնախարարը:

Միևնույն ժամանակ, Հայաստանն ինտենսիվ համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ իր տարածքում հայտնաբերված հետախուզվողների փոխանցման հետ կապված:

«Ընդհանուր առմամբ 2022–2024 թթ. ընթացքում ՆԳՆ ոստիկանության կողմից հայտնաբերվել են 700–ից ավելի անձինք և փոխանցվել ԱՊՀ անդամ պետությունների մեր գործընկերներին»,–նշեց Ղազարյանը:

 

  • Կիսվել: