երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Ընտրությունների դիտարկումը շատ ավելին է, քան պարզապես ընտրական գործընթացի գնահատումը. Սարգիս Խանդանյան

Ընտրությունների դիտարկումը շատ ավելին է, քան պարզապես ընտրական գործընթացի գնահատումը. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը մասնակցում է Վարշավայում ընթացող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Մարդկային չափում-2026» համաժողովին:

Իր ելույթում Սարգիս Խանդանյանն ասել է.

«Հարգելի՛ հյուրեր,

Շատ ուրախ եմ այսօր այստեղ՝ Վարշավայում, գտնվելու և մեր աշխատանքի համար առանցքային նշանակություն ունեցող թեմայի շուրջ կարծիքներ փոխանակելու հնարավորության համար։

Սիրելի՛ Նատալի, շնորհակալություն ներածական խոսքի համար։ Սիրելի՛ Մեգան, շնորհակալություն այս քննարկումը վարելու համար: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հետ այս քննարկմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մարիա Թելալյանը:

Սիրելի՛ բարեկամներ,

Ես շատ հետաքրքրված եմ այս քննարկմամբ, քանի որ այս թեմային մոտենում եմ երկու տեսանկյունից` որպես Հայաստանի պատգամավոր և որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահ։

Այս երկու պաշտոնները սերտորեն փոխկապակցված են։ Որպես խորհրդարանականներ՝ մենք շահագրգռված ենք մեր ժողովրդավարական ինստիտուտների և ընտրական գործընթացների որակի հարցում։ Իսկ որպես ԵԱՀԿ ԽՎ երրորդ հանձնաժողովի նախագահ՝ ես գիտեմ, որ մեր աշխատանքը հնարավոր չէ պատշաճ իրականացնել առանց ուշադիր լսելու այն մարդկանց, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքները, տեղում հետևում են զարգացումներին և ամեն օր աշխատում են քաղաքացիական տարածքի պաշտպանության ուղղությամբ։

Ընտրությունների դիտարկումը վաղուց ի վեր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջնահերթություններից է։ 1993 թվականից ի վեր մեր Վեհաժողովը դիտարկել է ավելի քան 225 ընտրություն ԵԱՀԿ տարածաշրջանի ավելի քան 30 երկրներում` համախմբելով պատգամավորների, որոնք իրենց փորձն են ներդնում ընտրական գործընթացների գնահատման գործում։

Այս աշխատանքում մենք սերտորեն համագործակցում ենք ԺՀՄԻԳ-ի հետ, և կցանկանայի, սիրելի՛ գործընկերներ, ընդգծել ձեր դերն այս կարևոր գործում։ ԺՀՄԻԳ-ի փորձառությունն ու մեթոդաբանությունն անփոխարինելի են մեր համատեղ ջանքերի համար։

Մենք նաև բարձր ենք գնահատում մեր խորհրդարանական գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը։ Այս հարաբերությունները մեզ հնարավորություն են տալիս փոխանակվելու փորձով, սովորելու միմյանցից և ամրապնդելու մեր համատեղ ներդրումը ժողովրդավարական գործընթացներում։

Ընտրությունների դիտարկմանը խորհրդարանականների մասնակցությունն առանձնահատուկ արժեք ունի։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում ընտրողներից մանդատ ստանալը, նախընտրական քարոզարշավ իրականացնելը, մրցակցելը և, ի վերջո, հաշվետու լինելը այն մարդկանց առջև, որոնց ներկայացնում ենք։ Այս փորձը մեզ արժեքավոր դիտանկյուն է տալիս ընտրական գործընթացների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, այն մեզ հիշեցնում է, որ որպես դիտորդներ մեր պատասխանատվությունն է անաչառորեն գնահատել ընտրությունները՝ այն հանձնառությունների հիման վրա, որոնք ստանձնել են ԵԱՀԿ մասնակից պետությունները։

Անկախ հանգամանքից` ընտրությունները տեղի են ունենում Վիեննայից արևելք, թե արևմուտք, գործում են նույն սկզբունքները։ Կոպենհագենի փաստաթուղթը սահմանում է հստակ հանձնառություններ ժողովրդավարական ընտրությունների, քաղաքական բազմակարծության և այն հիմնարար ազատությունների վերաբերյալ, որոնք հնարավոր են դարձնում իրական քաղաքական մրցակցությունը։ Սրանք համատեղ հանձնառություններ են, և դրանց հետևողական իրականացումն էական նշանակություն ունի մեր աշխատանքի արժանահավատության համար։

Այս տարի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություններ է իրականացրել Հունգարիայում և Ղազախստանում անցկացված ընտրությունների ընթացքում։ Պատիվ եմ ունեցել ղեկավարելու Հունգարիայում իրականացված դիտորդական առաքելությունը։ Մենք նաև վերջերս վերադարձել ենք Բոսնիա և Հերցեգովինայում անցկացված ընտրությունների դիտարկումից և պատրաստվում ենք հետագա դիտորդական գործունեության, այդ թվում` Սերբիայում։

Ինձ համար այս աշխատանքը նաև անձնական նշանակություն ունի։ Վերջերս ես ինքս առաջադրվել եմ ընտրություններում իմ երկրում` Հայաստանում, որտեղ Վեհաժողովը նույնպես դիտորդներ էր գործուղել։ Որպես թեկնածու՝ ընտրությունների գործընթացին անձամբ մասնակցելը թույլ է տալիս շատ անմիջականորեն գիտակցել, թե ինչն է կարևոր։

Ընտրությունները շատ ավելին են, քան քվեարկության ընթացակարգերը։ Դրանք վերաբերում են մի շարք հարցերի, օրինակ` արդյո՞ք թեկնածուները կարող են արդար մրցակցել, արդյո՞ք ընտրողներին հասանելի է հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, արդյո՞ք լրատվամիջոցները կարող են ազատ գործել, և արդյո՞ք քաղաքացիները վստահ են, որ իրենց ձայնը լսելի կլինի։

Սա առաջ է բերում մի հարց, որը հատկապես ցանկանում եմ ընդգծել այսօր, այն է՝ քաղաքացիական հասարակության կարևորությունը մեր ընտրությունների դիտարկման աշխատանքում։

Երբ մեր խորհրդարանականները մեկնում են դիտորդական առաքելությունների, մեր անդամները տեղեկություններ են ստանում ընտրական գործընթացներում ներգրավված շահագրգիռ կողմերի լայն շրջանակից, այդ թվում՝ տվյալ երկրի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից։

Այդ ճեպազրույցները մեր խորհրդարանականներին տալիս են էական հնարավորություն՝ անմիջականորեն լսելու այն մարդկանց, ովքեր լավ գիտեն երկիրը, հասկանում են տեղի համատեքստը և ուշադիր հետևում են ընտրական զարգացումներին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են բարձրաձայնել իրենց մտահոգությունները, մեկնաբանել տեղում տեսանելի մարտահրավերները և ներկայացնել դիտարկումներ, որոնք օգնում են մեր դիտորդներին առավել ամբողջական պատկերացում կազմել ընտրական միջավայրի մասին։

Մենք բարձր ենք գնահատում այսպիսի քննարկումները։ Դրանք օգնում են մեր խորհրդարանականներին ավելի լավ տեղեկացված և պատրաստված լինել՝ հասկանալու այն, ինչին առնչվում են առաքելության ընթացքում և ընտրությունների օրը։ Դրանք նաև մեզ հնարավորություն են տալիս լսելու այն տեսակետները, որոնք այլապես կարող էին դուրս մնալ մեր ուշադրությունից։

Իհարկե, որևէ առանձին ճեպազրույց չի կարող արտացոլել բոլոր փորձառություններն ու տեսակետները։ Հենց այդ պատճառով է, որ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ երկխոսությունն այդքան կարևոր է։

Քաղաքացիական հասարակությունը կարևոր գործընկեր է՝ հասկանալու համար, թե ինչպես է ժողովրդավարությունը գործում գործնականում, քանի որ տեղական կազմակերպությունները, անկախ դիտորդները, լրագրողները և մարդու իրավունքների պաշտպանները հաճախ տեղում մեր աչքերն ու ականջներն են։ Նրանց գիտելիքներն ու փորձն անգնահատելի են, հատկապես՝ մասնակցության խոչընդոտները, քաղաքական մրցակցության պայմանները և հիմնարար ազատությունների առջև ծառացած մարտահրավերներն ըմբռնելու տեսանկյունից։

Ուստի կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և հորդորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին անմիջականորեն համագործակցել մեր պատվիրակությունների հետ, երբ մենք գտնվում ենք ձեր երկրներում։ Կիսվե՛ք ձեր դիտարկումներով, բարձրաձայնե՛ք ձեր մտահոգությունները և պատմե՛ք մեզ այն ամենի մասին, ինչ տեսնում եք։ Մենք ցանկանում ենք լսել ձեզ։ Ձեր ներդրումը կարող է նպաստել, որ մեր գնահատականներն ավելի հիմնավորված լինեն, իսկ առաջարկները՝ ավելի բովանդակալից:

Որպես Երրորդ հանձնաժողովի նախագահ՝ ցանկանում եմ նաև ընդգծել, որ այս երկխոսությունը չպետք է սահմանափակվի ընտրությունների դիտարկմամբ։ Խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության միջև փոխգործակցությունը նույնքան կարևոր է ժողովրդավարության ոլորտում ծավալած ավելի լայն գործունեության համատեքստում։

Սիրելի՛ ներկաներ,

Հուսով եմ՝ այսօրվա քննարկումը մեզ հնարավորություն կտա կիսվելու գործնական փորձով և բացահայտելու մեր համատեղ աշխատանքն ամրապնդելու ուղիները։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կշարունակի սերտորեն համագործակցել ԺՀՄԻԳ-ի, մեր խորհրդարանական գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարական ընտրություններին աջակցելու նպատակով։

Ի վերջո, ընտրությունների դիտարկումը շատ ավելին է, քան պարզապես ընտրական գործընթացի գնահատումը։ Այն ենթադրում է հաշվետվողականություն, փոխադարձ ուսուցում և ԵԱՀԿ մասնակից պետությունների ստանձնած հանձնառությունների գործնական իրականացման ապահովում։ Եվ ամենակարևորը՝ այն հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուր ընտրության հիմքում ԵԱՀԿ տարածաշրջանի գրեթե մեկ միլիարդ քաղաքացիների իրավունքներն ու ձայներն են։

Ակնկալում եմ լսել ձեր տեսակետները և շարունակել բոլորիդ հետ այս կարևոր քննարկումը։

Շնորհակալ եմ»:

  • Կիսվել: