«Վերնատուն»-ն իսկապես դիմադրության շարժում պիտի լինի. Թաթուլ Մանասերյան
«Վերնատուն» ակումբը պետք է փորձել մերան դարձնել այն աշխատող մարդկանց համար, որոնք ի վիճակի են որակ ձևավորել։ Այս մասին այսօր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Անդրադառնալով համաժողովի ժամանակ հնչեցված կոչերին, որոնք ուղղված են ներկայիս իշխանություններին՝ տնտեսագետը նշեց, որ այդ կոչերը մեծ իմաստ չեն պարունակի, քանի որ եթե լսեին դրանք, ապա գոնե մինչ օրս կայացած մտավորականների, փորձագետներից կողմից որևէ առաջարկ կընդունվեր իշխանությունների կողմից:
Նրա խոսքով՝ այսօր հասարակության պառակտվածությունը թույլ չի տալիս շատ հարցում գալ ընդհանուր հայտարարի շատ պարզ թվացող խնդիրների շուրջ։ «Պարոն Մանուկյան ես առանց որևէ հաճոյախոսության ուզում եմ ասել, որ ձեր ուսերին լուրջ բեռ եք դրել որպես ՀՀ առաջին վարչապետ, ես գիտեմ ձեր համարձակությունը, գիտեմ, որ այն պահին, որ դուք կարող էիք շարունակել և կարող էիք այլ խնդիրներ լուծել, դուք հրաժարվեցիք, միևնույն ժամանակ պաշտպանության հարցում անուրանալի դեր ունեցաք և պատահական չէ, որ միշտ կոչ եմ արել չթերագնահատել Վազգեն Մանուկյան մարդու կարողությունները»,- դիմելով ակումբի հիմնադրին՝ ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նա միաժամանակ նշեց, որ եթե պետք է տարանջատվի հասարակությունը, ոչ թե հեղափոխականների և հակահեղափոխականների, այլ ստեղծողների և փախցնողների, ապա թող փախցնողներն ամաչեն:
«Այն մարդիկ, որ մինչև 1988 թվականը ամաչում էին հասարակության մեջ երևալ, նրանք հանկարծ սկսեցին եղանակ ստեղծել, սրան պետք է ձգտել զուսպ, նույնիսկ երբեմն առանց լրատվամիջոցների, որովհետև խնդիրներ են դրված, որոնք պետք է երբեմն փակ քննարկենք։ Օրինակ՝ չավարտված պատերազմի պայմաններում գործող տնտեսության կառավարման խնդիրները և Արցախում, և ՀՀ-ում»,-ասաց Մանասերյանը։
Նրա խոսքով՝ ակումբն իսկապես դիմադրության շարժում պիտի լինի, դիմադրողականությունը, իմունիտետը բարձրացնելու, ազգային կորիզը պահպանելու համար. «Այսօր որոշ մարդիկ ազգային բառից, խաչից, հավատքից «խրտնում» են ու ակումբի աշխատանքը պետք է նպաստի նաև ազգայինի պահպանմանը»։