շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Վանեցյանը բաց թողեց ամենաուժեղ քաղաքական թիմի անդամը դառնալու ու մնալու հնարավորությունը. Սիմոնյան

Վանեցյանը բաց թողեց ամենաուժեղ քաղաքական թիմի անդամը դառնալու ու մնալու հնարավորությունը. Սիմոնյան

Պարոն Վանեցյանն ամենաուժեղ քաղաղաքական թիմի անդամը դառնալու ու մնալու հնարավորություն ուներ, որը բաց թողեց: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին այսօր ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արթուր Վանեցյանը երբևիցե դժգոհե՞լ է գործող իշխանություններից: Նա նշել է, որ մտքերի փոխանակություն մշտապես եղել է:

Սիմոնյանն ասել է. «Մշտապես եղել է իմ զարմանքը: Նախ այդ խոսակցություններին լուրջ չէի վերաբերվում, բայց հետագայում հասկացա, որ տեղի էր ունենում այն, ինչի մասին հիմա խոսվում է, այն որ քաղաքական դաշտ մտնելու փաստացի հավակնություն կա: Ցավով եմ վերաբերվում, քանի որ պարոն Վանեցյանն ամենաուժեղ քաղաքական թիմի անդամը դառնալու ու մնալու հնարավորություն ուներ, որը բաց թողեց»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած հիբրիդային հեղաշրջման վերաբերյալՍիմոնյանը նշել է, որ դեռ շատ անուններ կհնչեն՝ միգուցե եւ զարմանալի: Նա, մասնավորապես, ասել է. «Բայց վստահեցնում եմ, որ բոլոր փորձերը ջախջախվելու են, քանի որ Հայաստանում նրանք ունեն միայն մեկ գործիք՝ փողը: Չի ստացվելու Հայաստանում փողով իշխանություն վերցնել: Փողով գնված բանախոսներին ՀՀ քաղաքացին չի ներելու»,- ասել է նա:

Սիմոնյանը նաև հաստատել է այն, որ ժամանակին ինքն է առաջարկել Արթուր Վանեցյանի թեկնածությունը. «Բայց որոշումը կայացրել է վարչապետը»: Նա նշել է, որ դրա համար չի զղջում, սակայն ցավում է, որ այսօր ստեղծվել է այսպիսի իրավիճակ:

  • Կիսվել: