Ուզում են չսրել, որ այլ երկրներ, այդ թվում նաեւ Ադրբեջանը դառնան ՀԱՊԿ անդամ. ՔՊ-ական պատգամավոր
Որքան գիտեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցում իրավիճակի գնահատում է եղել, եւ դա համահունչ է եղել իրավիճակին, իրավիճակը ճիշտ ներկայացվել է. կարծում եմ՝ դա այդ հարթակի համար բավարար է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, ՔՊ-ի համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Քաղաքականությունը եւ դիվանագիտական ժամանակակից մոտեցումներն այնպիսին են, որ չեն ուզում, որ տարածաշրջանում նորից լարումներ լինեն: Կարծում եմ՝ էմոցիոնալ ցանկացած փաստաթուղթ նորից բերելու է որոշակի լարվածության: Ուզում են ինչ-որ ձեւով բերել խաղաղության, չսրել, որ այլ երկրներ, այդ թվում Ադրբեջանը, նույնպես դառնան ՀԱՊԿ անդամ: Դրա համար էսկալացիաները չեն լինելու, ամեն ինչ անելու են, որ զսպեն»,-ասաց նա:
Անդրադառնալով նախօրեին Բելառուսի նախագահի կոշտ ելույթին, պատգամավորն ասաց. «Ես Լուկաշենկոյի կարծիքը համարում եմ անձնական կարծիք՝ անձնական հարաբերությունների արդյունքում: Նախ, պետք է ելնեն ՀԱՊԿ-ի տրամաբանական շահերից եւ այդ տրամաբանությունից չպետք է դուրս գան, որովհետեւ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ: Լուկաշենկով անձնակար կարծիք է հայտնել, որովհետեւ ՀԱՊԿ անդամ չէ այն երկիրը, որի մասին նա խոսել է: Նա ավելի շատ իր անձնական հարաբերությունների արդյունքն է ցուցաբերել»:


