ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ

Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ

 Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Այս մասին ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովստին։
 
Հոկտեմբերի 9-ին կայացել է Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները:
 
«Մարտին Հայաստանում և սեպտեմբերին Թուրքիայում կկայանան երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումները: Մեր հավաքականը կմեկնի Երևան, գուցե նաև մենք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա է նկատվում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Այս գործընթացը պետք է արվի` չտրվելով սադրանքներին», - հայտարարել է Քըլըչը։
 
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փորձ էր ձեռնարկել 2009թ.-ին` Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման պատրվակով։ Այդ նախաձեռնությունը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։ Արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին արձանագրություն` երկու երկրների միջև առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին միայն 2018 թվականի մարտի 1-ին. խորհրդարանները չէին վավերացրել դրանք։

  • Կիսվել: