Ծագող հարցերը պետք է լուծեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրները և մերձավոր հարևանները. Լավրով
Քննարկեցինք միջազգային ու տարածաշրջանային խնդիրները: Առանձնակի ուշադրություն դարձրինք մեր ընդհանուր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, խնդիրներին: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Համոզված ենք, որ այստեղ ծագող հարցերը պետք է լուծեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրները և մերձավոր հարևանները:
Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչը և նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ այն ընկալմամբ, որ նման համագործակցությունն ուղղված չլինի ընդդեմ տարածաշրջանում լարվածության ստեղծման կամ այստեղ գտնվող երկրների արհամարհման աշխարհաքաղաքական խաղերի համար, որը որևէ տեղ որևէ լավ բանի չի հանգեցրել:
Ուստի մեր դիրքորոշումը հետևյալն է՝ բաց ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, որոնք պատրաստ են դա անել ազնվորեն՝ առանց որևէ թաքուն օրակարգերի:
Մեր այս մոտեցմանը համահունչ հաստատեցինք, որ Ռուսաստանը պատրաստակամ է ապագայում ևս աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու լիարժեք խաղաղության և համաձայնության՝ կնքելով խաղաղության պայմանագիր և համակողմանիորեն ապաշրջափակելով տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքները, սահմանազատելով ու սահմանագծելով պետական սահմանը: Այս գործընթացների կուռ հիմքը եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է ամենաբարձր մակարդակով՝ ռուսաստանա-հայաստանա-ադրբեջանական պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին»,- ասաց նա: