TRIPP-ը բյուրեղացման փուլում է, առաջիկայում ՀՀ-ն և ԱՄՆ-ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր և նախագծի գործնական մեկնարկը կտրվի. Փաշինյան
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրված համատեղ հռչակագրին, որը որպես վկա, ստորագրել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ Վաշինգտոնի հռչակագրում լուծում ստացավ նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը։ «Հռչակագրի երրորդ կետում արձանագրված է. «Մենք վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ մեջբերման ավարտ։
Իսկ արդեն հռչակագրի չորրորդ կետում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով: Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է, հունվարի 13-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունները ընդունեցին TRIPP–ի իրականացման շրջանակը և առաջիկայում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կստորագրեն համապատասխան համաձայնագիր և նախագծի գործնական մեկնարկը կտրվի։


