երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Տրանսպորտից պետք է օգտվեն և պատգամավորները, և նախարարները, և ցանկացած քաղաքացի. ՔՊ-ական պատգամավոր

Տրանսպորտից պետք է օգտվեն և պատգամավորները, և նախարարները, և ցանկացած քաղաքացի. ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանի բնակչությունը գրեթե չի ավելանում, սակայն տրանսպորտային միջոցների քանակը վերջին մի քանի տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Այս մասին, այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Դրա պատճառն, ըստ նրա այն է, որ չկա պատշաճ, կանխատեսելի, հարմարավետ հասարակական տրանսպորտ։ «Հասարակական տրանսպորտից պետք է օգտվեն և պատգամավորները, և նախարարները, և ցանկացած քաղաքացի, և այս առումով հիմա բարեփոխումներ են սկսվել Երևանի քաղաքապետարանում: Բայց բարեփոխումների արդյունքը պետք է լինի հետևյալը, պետք է տրանսպորտը լինի կանխատեսելի, այսինքն մարդը պետք է հասկանա, որ ժամը 9:00-ին ինքը կարողանալու է նստել ավտոբուս և ժամը 9:40 լինելու է իր համապատասխան ցանկացած տեղում։

Որպեսզի առավել օբյեկտիվ գնահատական փորձենք տանք ոլորտում վերջին հինգ-վեց տարում իրականացված պետական քաղաքականությանը, կրկին պետք է անդրադառնանք վիճակագրությանը. Տեսեք, 2024 թվին մենք ունեցել ենք 4314 միայն զոհերով կամ վիրավորներով պատահար, ունեցել ենք 333 զոհ և ունեցել ենք 6116 վիրավոր։ Հիմա այս վիճարկությունը լավ է թե վատ։

Մենք 2023-ի համեմատությամբ ունենք 299-ով պակաս պատահար, ունենք պակաս 45 զոհ և ունենք պակաս 421 վիրավոր։ Ասեմ ավելին, 2025 թվականի առաջին եռամսյակում արդեն, 2024 թվականի առաջին եռամսյակի համեմատ ունենք վեց զոհ պակաս։ Վիճակագրությունը փաստում է, որ պետական քաղաքականությունը այս ոլորտում էական արդյունք է ապահովել։ Ես կասեի, որ 45 զոհ տարբերությունը առնվազն վերջին տասնամյակի համար աննախադեպ վիճակագրություն է»,-ասաց նա:

  • Կիսվել: