ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Տխմարություն և կոնսպիրոլոգիա. ՔՊ–ն` Սամվել Կարապետյանի կալանավորման ամսաթվի մասին

Տխմարություն և կոնսպիրոլոգիա. ՔՊ–ն` Սամվել Կարապետյանի կալանավորման ամսաթվի մասին

ԱԺ–ի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անպատասխան թողեցին լրագրողների հարցը` գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման և Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման ամսաթվերի տարօրինակ կերպով համընկնելու մասին։
 
«Բացարձակ տխմարություն է այս վերլուծությունը։ Որևէ արձագանք սրան չի էլ կարող հնչել»,– խորհրդարանական ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
 
Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ավելացրեց, որ «կոնսպիրոլոգիաներին» երբեք չի հավատացել։
 
Նշենք, որ Սամվել Կարապետյանի ձերբակալության ամսաթվի վրա առաջինը ուշադրություն էր դարձրել ադրբեջանական մամուլը` հիշեցնելով, որ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, իսկ 2025 թվականի նույն օրը` հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանում։
Ավելի ուշ այս ուշագրավ զուգադիպության մասին գրառումներ սկսեցին անել նաև կալանավորված գործարարի հարազատներն ու աջակիցները։

  • Կիսվել: