Տիգրան Ավինյանի հոր անունո՞վ են սակուրայի տնկիները ներկրվել Հայաստան. քաղաքապետը չցանկացավ մեկնաբանել
«Սոցցանցերում ինչ ասես կարող են քննարկել, ինչ–որ մեկը կարող է ստեղծել այդ խոսակցությունը, հետո դուք գաք, ինձ այդ հարցը տաք։ Դատարկությունն ի՞նչ մեկնաբանեմ»։ Այսպես այսօր՝ ապրիլի 19-ին, համաքաղաքային ծառատունկի ժամանակ Տիգրան Ավինյանը պատասխանեց լրագրողների հարցին այն մասին, որ վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում՝ մեծ քանակությամբ սակուրայի տնկիներ են ներկրվել Հայաստան Տիգրան Ավինյանի հոր անունով։
«Ինձ թվում է, հենց նոր դուք ստեղծեցիք այդ խոսակցությունը, նման խոսակցություն չկա»,–հարցին ի պատասխան ասաց քաղաքապետը։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ սոցցանցերում նման քննարկումներ կան, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել «դատարկությունը»։
Քաղաքապետը նշեց, որ համաքաղաքային ծառատունկի շրջանակներում այսօր Նոր Նորքի 5–րդ զանգվածի եկեղեցու ստորին տարածքում՝ մոտ 6 հեկտար տարածքի վրա 1300 ծառ և 200 մշտադալար թուփ են տնկում։
«Այս հատվածում նաև իրականացրել էինք վերականգնողական–բարեկարգման աշխատանքեր ենք իրականցրել։ Վերջին երեք տարվա ընթացքում այս վեց հեկտարից բացի, 48 հեկտար տարածքի վրա տնկել ենք 20 հազար ծառ, հիմա ուզում ենք ավելի մեծացնել աշխատանքների ծավալը։ Հաջորդ ծրագիրը, որը պլանավորում ենք, Դալմայի այգիներում մոտ 250 հեկտար տարածքի վրա անտառի վերականգման աշխատանքներն են։ Բոլոր հատվածներում, որտեղ քաղաքապետարանն իրականացնում է ծառատունկ, նախապես իրականացվում է ոռոգման համակարգի ներդրումը, որովհետև փորձը ցույց է տվել, որ առանց դրա ծառերի կպչողականությունը շատ ցածր է լինում»,–հավելեց Տիգրան Ավինյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ նույն տարածքում վերջերս ծառեր են հատվել, Ավինյանը պատասխանեց, որ 23 չորացած ծառ է հատվել, որոնք չորացել էին ոռոգման համակարգի բացակայության պատճառով։
Լրագրողի արձագանքին, որ 23–ից ավել ծառ է հատվել եկեղեցու հարակից տարածքում, Ավինյանը պատասախանեց, որ միայն քաղաքապետարանին կից գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի աշխատանքների մասին միայն կարող է խոսել։