ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տիեզերական ոլորտից մինչև ռազմարդյունաբերություն. ԲՏԱ նախարարը երկրում հիմնական ներդրող է համարում հարկ վճարողներին

Տիեզերական ոլորտից մինչև ռազմարդյունաբերություն. ԲՏԱ նախարարը երկրում հիմնական ներդրող է համարում հարկ վճարողներին

Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքները շուտով պրակտիկ դաշտում տեսանելի կլինեն: 

«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին վստահեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նախարարությանն այս տարի հատկացված աննախադեպ բյուջեին, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար հիմնական ներդրողներին, «Արմսաթ-1» արբանյակին, Stralink–ին ու այլ թեմաների: 

ԲՏԱՆ–ի աննախադեպ բյուջեն, հարկերն ու դրանց ազդեցությունը  

Նախարարը խոսեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2025–ին պետբյուջեից աննախադեպ բարձր հատկացումների մասին:

«Մենք կառավարության ներքին քննարկումներում կարողացանք հիմնավորել՝ աներկբա է, որ տեխնոլոգիական առաջընթացը և զարգացումը երկրի տնտեսության թռիչքաձև զարգացման կարևորագույն նախապայման են: Հետևաբար, չափազանց կարևոր է մեր քաղաքականությունները մշակելիս ու ձևակերպելիս՝ նկատի ունենալ այս հանգամանքը, որ առանց խոշոր ռեսուրսների կենտրոնացման, չի լինի զարգացում ընդհանրապես ամբողջ տնտեսության համար, մանավանդ, եթե խոսում ենք բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող տնտեսության ճյուղերի մասին: Մենք կարողացանք, փաստորեն, գրեթե կրկնապատկել մեր բյուջեն՝ նախևառաջ ՀՀ–ում ապրող, աշխատող, արարող, ստեղծագործող և հարկ վճարող քաղաքացիների ներդրումների միջոցով»,–ասաց Հայրապետյանը:

Նա նշեց՝ ինչպես ստարտափի համար կենսական նշանակություն ունի ներդրումների ներգրավումը, այնպես էլ տնտեսության զարգացման համար: Ըստ նախարարի՝ Հայաստանում աշխատող և հարկեր վճարող քաղաքացիներից բացի այլ սուբյեկտ չկա, որը շահագրգռված է Հայաստանի զարգացման հեռանկարով։ 

 «Եթե մենք խոսում ենք Հայաստանի զարգացման մասին, այդտեղ նախևառաջ հիմնական ներդրում կատարողը ՀՀ քաղաքացիներն են՝ կոնկրետ հարկերի վճարման տեսքով»,–ընդգծեց Հայրապետյանը: 

Իսկ թե ինչու է կարևոր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ ներդրումների կրկնապատկումը, ռեսուրսների կենտրոնացման թռիչքաձև աճը՝ նա շեշտեց, որ տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման համար տեխնոլոգիական ուղղությունը՝որպես շոգեքարշ, կարևորագույն դերակատարում ունի: 

Տիեզերական ոլորտում Հայաստանի տեղն ու «Արմսաթ–1» արբանյակը

«Արմսաթ–1» արբանյակի մասին խոսելիս՝ նախարարը նշեց, որ տարիներ առաջ Հայաստանը կարևորագույն որոշում է կայացրել՝ հայտ ներկայացնելու, գտնելու իր տեղը տիեզերքում՝ փաստացի դրա համար չունենալով ենթակառուցվածք, գիտելիք, կարողություն և այլն:

«Միակ բանը, որ կար, կառավարության կամքը, ցանկությունն էր, որ այդ ուղղության մեջ ևս պետք է ռեսուրսներ կենտրոնացնել և Հայաստանին տիեզերական ոլորտում ճիշտ դիրքավորել: Եվ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց այդ կարողությունները Հայաստան բերելու և տեխնոլոգիաների տրանսֆեր իրականացնելու գործընթացը սկսել արբանյակի ձեռքբերման քայլից»,–ասաց նա: 

Հայրապետյանը կարևորեց շատ հստակ դրա գնահատականը տալը:

«Կարևոր է «Արմսաթ–1» արբանյակի գործունեությանը և կիրառմանը, որը հնարավոր չէ համարել աշխարհի ամենազարգացած, ամենաառաջատար տեխնոլոգիական լուծումներով արբանյակ, տալ ադեկվատ գնահատական: Եվ այս համատեքստում կարող եմ ասել, որ «Արմսաթ–1»–ը լուծել է այն խնդիրը, որն ի սկզբանե դրված էր այս ծրագրի հիմնավորումների տակ: «Արմսաթ–1» արբանյակը նախ հնարավորություն էր տալիս Հայաստան գիտելիք բերելու՝ տիեզերական ոլորտի արբանյակների կառավարման, տեսալուսանկարահանող արբանյակների ճիշտ կիրառման, կառավարման վերաբերյալ: Եվ 2024–ին ամբողջական կառավարումն անցավ հայ մասնագետներին»,–ասաց նախարարը: 

Նա հավելեց, որ պայմանագիրը միայն արբանյակի ձեռքբերման մասին չէր, այն նաև մասնագիտական վերապատրաստման գործընթաց էր ենթադրում՝ հայկական կողմին գիտելիք, հմտություն փոխանցելու իմաստով: Նախարարն այդ ոլորտում առաջին քայլերն իրականացնելու համատեքստում դա համարեց հիմնարար քայլ:

«Միայն այս ճանապարհն անցնելուց հետո է, որ մենք այսօր մտածում ենք նոր արբանյակներ ձեռք բերելու մասին: Այս փուլում գրեթե վերջնականացնում ենք տիեզերական ոլորտի ռազմավարության փաստաթուղթը: Եվ այն ենթադրում է ԲՏԱ նախարարության կողմից առաջարկ կառավարությանը ՝ ունենալ թե՛ տեսալուսանկարող արբանյակներ, թե՛ ապագայում նաև կապի արբանյակներ և այսպես շարունակ: Բայց այս խոսակցությունը միայն կարելի էր սկսել, եթե դու սկսել ես կամ դրել ես որոշակի հիմքեր: Այս համատեքստում ես կարող եմ պնդում անել, որ այդ ծրագիրը հաջողված էր՝ ոչ թե այն իմաստով, որ այդ արբանյակը պետք է գար ու լուծեր ՀՀ–ի առջև ծառացած անվտանգային բոլոր մատահրավերները, բնավ, մեկ արբանյակով դա իրատեսական էլ չէ, այլ ընդհակառակը՝ մենք շատ կոնկրետ խնդիր էինք մեր առաջ դրել, որ փաստացի այս պահին ևս լուծվում է»,–ասաց Հայրապետյանը: 

Նա հավելեց՝ ինքնին արբանյակի կառավարումն ամենօրյա ռեժիմով հնարավորություն է տալիս նոր գիտելիք ստանալու, նոր բան սովորելու, ինչպես նաև մեծացնելու ներքին կարողունակությունները՝ մասնագիտական առումով: Եթե սկզբում արբանյակը կառավարում էին 2–3 աշխատակիցներ, ապա ամիսների ընթացքում այդ թիվը մեծանում է: Դա հնարավորություն կտա արդեն ապագայում ավելի ամբիցիոզ ծրագրեր ձևակերպել և իրականացնել:

Ի՞նչ հնարավորություններ կբացի Starlink–ը Հայաստանի համար

Անդրադառնալով Հայաստանում Starlink–ի ընձեռած հնարավորություններին՝ Հայրապետյանն ասաց, որ կապի ոլորտում այն կարևորագույն դերակատարում ունի: Խոսելով ոչ միայն Starlink–ի, այլ առհասարակ արբանյակային ինտերնետ կապի մասին՝ նախարարն ասաց, որ դա հնարավորություն է տալիս մեծացնել Հայաստանի ինքնուրույնությունն այդ իմաստով: «Այսինքն՝ սա հնարավորություն է տալիս բացի օպտիկամանրաթելային կապուղիներից, ունենալ նաև արբանյակային ինտերնետային կապ, ինչը, բնականաբար, կապի ոլորտում Հայաստանի անկախության աստիճանը բարձրացնում է: Սա նաև նորարարությունների մուտք է հայաստանյան շուկա, ինչը հնարավորություն է տալիս նաև տարատեսակ աշխարհագրական հատվածներում՝ բարձր լեռնային գոտիներում, որտեղ օպտիկամանրաթելային կապուղիների հասանելիության խնդիր կա, հեշտացնել հասանելիությունը, նաև տեխնոլոգիական տարատեսակ հաբերի, կլաստերների, խոշոր ընկերությունների, գործարանների համար լավ հնարավորություն է՝ օգտվելու արբանյակային ինտերնետային կապից: Սա գալիս է ինչ–որ առումով փոխլրացնելու դասական կապուղիների մատուցած ծառայությունները և առավել ինքնաբավ դարձնելու մեր երկիրը կապի հասանելիության իմաստով»:

Ռազմարդյունաբերության ոլորտում իրականացված աշխատանքներ

Նախարարը ռազմարդյունաբերության զարգացման համար կարևորագույն և համար մեկ խթանը համարեց պետական պատվերի առկայությունը: «Իսկ պետական պատվերը վերջին տարիներին արդեն անցնում է  170 մլրդ դրամը: Եվ հենց այս 170 միլիարդի պետական պատվերն է, որ հիմնականում խթան է հանդիսացել տասնյակ ընկերությունների համար՝ արտադրական պրոցեսների համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու և այլնի համար»,–ասաց Հայրապետյանը: 

Նա վստահեցրեց, որ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքները շուտով պրակտիկ դաշտում տեսանելի կլինեն:

  • Կիսվել: