ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տեսանյութերում երևացող տոմետները տեղադրվել են 2020-21 թվականներին

Տեսանյութերում երևացող տոմետները տեղադրվել են 2020-21 թվականներին

«Տեսանյութ է եղել տոմետների վերաբերյալ․ որտե՞ղ են դրանք, և ի՞նչ արձագանք ունենք դրանց վերաբերյալ. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում դիմեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։ 

Վերջինս արձագանքեց. «Մեկը տեղի է ունեցել Աջափնյակում, մյուսը՝ Շենգավիթում։ Կխնդրեմ՝ վարչական շրջանի ղեկավարները մեկնաբանեն»։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ այս տարածքում արված տեսանյութում երևացող հատվածում 2020-2021 թվականներին կատարված աշխատանքներ են եղել, ոչ թե նախորդ տարվա։ 

«Խիստ կասկածում եմ, որ ներկայացնողը չգիտեր՝ երբ է կատարվել»,- արձագանքեց Ավինյանը։ 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ևս նշեց, որ տեսանյութում արված աշխատանքը 2020-2021 թվականի է, և այն կատարել է ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ անհատ շինարարը։ Նրա խոսքով՝ այն աշխատանքները, որտեղ որակի հետ կապված խնդիրներ են եղել, ավարտական ակտերը երբեք չեն ստորագրել։ 

Տիգրան Ավինյանը հորդորեց խիստ վերահսկողություն իրականացնել նաև այն աշխատանքների վերաբերյալ, որը կատարում են տնտեսվարողներն՝ իրենց հաշվի․

«Սա կարևոր վարքաբանական փոփոխություն է ենթադրում։ Չկա այլևս մեր և ձեր աշխատանք։ Կա աշխատանք, որն արվում է Երևան քաղաքում և մայթի վրա, ու անկախ նրանից՝ մենք ենք վճարում, թե տնտեսվարողը, որակը պետք է համապատասխանի մեր ստանդարտներին»,- նշեց Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: