ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Թեմատիկ քննադատությունը միայն ուրախացնում է. Լուսինե Բադալյանը՝ 9-րդ գումարման ԱԺ ընդդիմության մասին

Թեմատիկ քննադատությունը միայն ուրախացնում է. Լուսինե Բադալյանը՝ 9-րդ գումարման ԱԺ ընդդիմության մասին

Երբ ընդդիմությունը մեզ չի քննադատում, կա հավանականություն, որ մենք կլճանանք: Իրար գովելուց, միայն և միայն դրականը քննարկելուց որևէ մեկը չի շահի: Սկզբնական շրջանում այդ պատասխանատվությունը կարծես բոլորս վերցրել էինք մեզ վրա, փոխադարձ բոլորս իրար քննադատում էինք, քննարկում էինք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով 9-րդ գումարման Ազգային ժողովում թիմակիցների՝ միմյանց քննադատությունների պատճառներին:

«Այսօր, համենայնդեպս, ես շատ լիահույս եմ, որ ունենք ընդդիմություն, որը պատրաստ է թեմատիկ քննադատության: Չգիտեմ՝ ինչքան կտևի սա, բայց սա ինձ միայն ուրախացնում է:

Բոլոր այն խնդիրները, որոնց հետ կապված ժամանակ չենք ունեցել, երկրորդական ենք համարել, ավելի մեծ  խնդիրների վրա ենք կենտրոնացել, այսօր՝ 9-րդ գումարման ԱԺ-ում (8-րդում չի եղել, եթե հիշում եք), նրանք խոշորացույցով բոլոր խնդիրները վեր են հանում, և այդ խնդիրների շուրջ քննարկում ենք կազմակերպում, և այս դեպքում մենք իրար ընդդիմություն ներկայանալու կարիք այլևս չունենք:

Ընդհակառակը, մենք պետք է միավորվենք ու փորձենք և՛ ընդդիմության հարցերին պատասխանել, և՛ վեր հանած խնդիրներին, որոնց մեջ լինում են նաև օբյեկտիվ խնդիրներ, և զբաղվենք դրանց լուծմամբ»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: