Թեհրանում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Թեհրանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։ Արարողությունը կազմակերպվել է Թեհրանի Հայ ազգային մշակութային միության նախաձեռնությամբ։
Միջոցառմանը մասնակցել են մի խումբ գիտնականներ և համալսարանական պրոֆեսորներ՝ այդ թվում դոկտոր Մաջիդ Քարիմին, դոկտոր Պիոնեկ Սիմոնին, դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը և դոկտոր Էհսան Մովահեդյանը։ Բանախոսները իրենց ելույթներում անդրադարձել են մարդկության դեմ այս հանցագործության պատմական, քաղաքական և մշակութային տարբեր կողմերին։
Դոկտոր Պիոնեկ Սիմոնին ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունում հայկական եկեղեցիների ու շինությունների պատմական ակնարկը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված համակարգված ոչնչացմանը։
Դոկտոր Մաջիդ Քարիմին իր խոսքում վերլուծել է ցեղասպանության արմատները, պատմական համատեքստը և դրա հետևանքով տարածաշրջանում և Իրանում առ այսօր առկա շարունակական սպառնալիքները։
Իսկ դոկտոր Էհսան Մովահեդյանը շեշտել է, որ նման ողբերգությունների նկատմամբ լռությունը հանգեցնում է դրանց կրկնությանը ժամանակակից աշխարհում։ Նա կարևորել է հանրային իրազեկվածության բարձրացումը՝ որպես նման հանցագործությունների կանխարգելման կարևոր պայման։