Տապալումն այն կլինի, եթե խիստ ստանդարտներ չպահանջենք ԲԿ-ների տնօրենների մրցույթների մասով․ Ավանեսյան
Մենք բժշկական կենտրոնների տնօրենների մրցույթներին վերաբերվում ենք շատ խիստ և հստակ, և անընդհատ փոխում ենք տնօրենների քննությունների ստանդարտները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ բժշկական կենտրոնների, տնօրենների մրցույթները տապալվել են, հատկապես մարզերում, նախարարն ասաց. «Մեր կարծիքն է, որ հավակնել պետական բժշկական կենտրոնի ղեկավարմանը բավական պատասխանատու գործ է, և այո, մասնակիցները պետք է այդ շեմը հաղթահարեն, և մենք կտապալենք, եթե նման շեմեր չսահմանենք և չպահանջենք, այլ հակառակը պիտի լինի հասարակության պահանջը, որ եթե շատ հեշտությամբ բոլորը բոլոր տեղերում նշանակվեին, ոչ մեկը մրցույթից չկտրվեր, կստացվեր, որ ես կարծում եմ տապալվել է մեր մրցույթային գործընթացը։
Ամենևին, առաջիկայում նաև օրենքի փոփոխություն է նախատեսվում արդեն իսկ նախագիծը շրջանառության մեջ է։ Այո, մենք պիտի մի փոքր փոխենք փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մոդելը, և պիտի ունենանք հստակ բաժանում բուժական հատվածով պատասխանատուների և կառավարչական, ֆինանսական հատվածով պատասխանատուների։
Այո, երբեմն մենք ունենում ենք դեպքեր, երբ հիանալի բժիշկ մասնագետը չունի կառավարչական հմտություններ։ Մեր նպատակն է, որ բոլոր առումներով ուժեղացնելով մենք հասնենք հաջողության։ Ես կարծում եմ մեր վերջին մրցույթների հենց նման խիստ անցկացումը մեր համակարգի նաև հաջողություն է»,– ընդգծեց նա։



