Սյունիքը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ռազմավարական ուղղություններից է. Արմեն Խաչատրյան
Հունիսի 2-3-ը Գորիսում անցկացվել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի լիագումար նիստը:
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ելույթով հանդես է եկել համաժողովի եզրափակիչ նիստում:
«Համաժողովի մեծարգո հրավիրյալներ և մասնակիցներ,
Տիկնայք, պարոնայք,
Խորին շնորհակալություն եմ հայտնում այս օրերին Գորիսում ձեր ներկայության և հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ձեր ակտիվ մասնակցության համար: Վստահ եմ՝ համամիտ եք այն համոզման հետ, որ այս համաժողովը կարևոր հարթակ է մեր երկու ժողովուրդների միջև գործընկերային կապերի խորացման ու զարգացման համար և անպայման պետք է գործի շարունակաբար ու արդյունավետ:
Նախորդ՝ չորրորդ համաժողովից հետո մեր երկու երկրներում բազմաթիվ գործընթացներ ու փոփոխություններ են տեղի ունեցել: Ուզում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք. Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն այդ ընթացքում ավելի են ամրապնդվել՝ հասնելով փոխվստահության նոր մակարդակի: Վերջին երկու օրերի ընթացքում արձանագրած արդյունքները լավագույնս վկայում են այդ մասին:
Ուստի այս հանդիպումը հնարավորություն էր՝ շարունակելու երկխոսությունը, արժևորելու համագործակցության ձեռքբերումները և նախանշելու նոր ուղիներ: Թերևս շատ ասելիք ունեինք միմյանց, և գուցե որոշ թեմաներ էլ դեռ սպասում են իրենց քննարկմանը:
Ամենևին չթերագնահատելով նախորդ համաժողովների կարևորությունը՝ ցանկանում եմ նշել մի քանի հանգամանք, որոնք այս տարվա համաժողովն առանձնացնում են նախորդներից:
Այսօր Սյունիքում ենք, Սյունիքի ամենաֆրանսախոս քաղաքում՝ Գորիսում, և սա ինքնին խորհրդանշական է: Այս առիթով պարտքս եմ համարում հիշել մեր անփոխարինելի ուսուցչուհուն՝ տիկին Արմենուհի Յակոբյանին, ով, լինելով Մեծ եղեռնից փրկվածների ժառանգ, անձնական նվիրումով Գորիսում ձևավորեց ֆրանսիական լեզվի ու մշակույթի յուրահատուկ ավանդույթ, որը պահպանվում է մինչ օրս:
Համաժողովը նշանավորվեց նաև Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացմամբ: Սա առավել քան խորհրդանշական և գործնական նշանակություն ունեցող քայլ էր: Սյունիքը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ռազմավարական ուղղություններից է:
Մենք զգալի ներուժ ունենք համատեղ ծրագրերի իրականացման համար: Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը, լինի մարդասիրական, տնտեսական, կրթամշակութային կամ այլ ուղղություններով, չափազանց կարևոր է մարզի համակողմանի և կայուն զարգացման տեսանկյունից:
Անցած երկու օրերի ընթացքում առանցքային թեմաների անդրադարձանք, կարծիքներ փոխանակեցինք Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների կարիքներին ուղղված ծրագրերի, տարածքների տնտեսական կառավարման հարցերի շուրջ, կարևորեցինք կառավարման գործում կանանց ակտիվ ներգրավվածությունն ու քաղաքացիական մասնակցությունը, քննարկեցինք ֆրանկոֆոնիայի և մշակութային կապերի զարգացման լայն հնարավորությունները:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր հանդիպումն ավարտին է մոտենում, սակայն, վստահաբար, շարունակելու ենք մեր երկխոսությունն ու համագործակցությունը, հավատարիմ ենք մնալու մեր գլխավոր նպատակին՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը, ամրապնդելով համընդհանուր արժեքները և կյանքի կոչելով այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը:
Վստահ եմ, որ այս օրերի արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր հաջորդ հանդիպմանը բազում հաջողված պատմություններ կունենանք:
Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ներգրավվածության, պատրաստակամության և արդյունավետ աշխատանքի համար»,- ասվում է Արմեն Խաչատրյանի ելույթում: