շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրել են հուշագիր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրել են հուշագիր

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ 

Հուշագիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ 

Հուշագիրն ամրագրում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև համագործակցության ուղղությունները ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի շրջանակներում։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահություն է հայտնել, որ «Կերոն» հիմնադրամի հետ հաստատված համագործակցությունը սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավման գործում նոր նախաձեռնությունների սկիզբ կդառնա։ 

«Այս հուշագիրը գրասենյակի և հիմնադրամի ընդհանուր տեսլականի արտացոլումն է։ Այն  միտված է համագործակցության հաստատմանը գրասենյակի առանցքային «իԳործ» ծրագրի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով թիրախային ոլորտներում ներգրավել բարձր մասնագիտական որակներ ունեցող սփյուռքահայերի», - ընդգծել է Զարեհ Սինայանը։

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեր Վանանե Արարքցյանն իր հերթին ընդգծել է, որ հիմնադրամը պատրաստ է այս համագործակցության շրջանակում շարունակել իր ներդրումը համատեղ նախաձեռնությունների իրականացման և նոր ծրագրերի մշակման գործում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։  

«Մենք ուրախ ենք համագործակցել «իԳործ» ծրագրի հետ, քանի որ այն լիովին համահունչ է մեր հիմնադրամի առաքելությանը՝ ներգրավել լավագույն մասնագետներին Հայաստանում և խթանել նրանց մասնակցությունը երկրի առաջընթացին», - նշել է Վանանե Արարքցյանը։

Նշենք, որ այս տարի արդեն «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իր համագործակցությունն է սկսել  ամերիկահայ երաժիշտ, երգահան և պրոդյուսեր Տաթևիկ Եղիազարյանը։

  • Կիսվել: