չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը, և այս առումով գնդակը մեր դաշտում չէ. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին

Սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը, և այս առումով գնդակը մեր դաշտում չէ. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արդեն իսկ արվել են: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նա հիշեցրեց՝ ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի և Ստամբուլի միջև, որոնք դադարեցված էին մի քանի տարի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիափոխադրումները հնարավոր դարձնելու, ինչպես նաև Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասով. վերջինս փաստաթղթային գործընթացի փուլում է:

«Ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիքն արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը: Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից այս տարի վերջապես սկսեցին աշխատանքներ անցակետի վերականգնման ուղղությամբ, և մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը, և այս առումով գնդակը մեր դաշտում չէ»,- ասաց նա:

Հարցին՝ եթե խաղաղությունը հաստատված է, ի՞նչն է պատճառը, որ գործընթացը հապաղում է, Ռուբինյանը պատասխանեց. «Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով: Մեր կողմից որևէ խնդիր չկա, ոչ էլ նախապայման կա: Պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի»:

Դիտարկմանը, թե գուցե թուրքական կողմը սպասում է Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթղթի ստորագրմանը, Ռուբինյանը պատասխանեց՝ այդպես չի կարծում. «Համենայն դեպս, դա տրամաբանական չէր լինի»:

Հարցին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Թուրքիա մեկնելո՞ւ է, Ռուբինյանը պատասխանեց՝ չի մեկնելու, բայց հայկական կողմից լինելու է ներկայություն:

  • Կիսվել: