ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Սպառնո՞ւմ եք ինձ, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ». Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին

«Սպառնո՞ւմ եք ինձ, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ». Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին

Դուք շատ բաների չեմպիոն եք, նաև՝ իրավիճակը լարելու չեմպիոն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մեղադրանքների: 

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

«Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել: Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դո՛ւ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը, որին տեղից արձագանքում էր ընդդիմադիր պատգամավոր Մանուկյանը:

Իրավիճակը դահլիճում թեժացավ, Ալեն Սիմոնյանը հորդորեց իրեն չսպառնալ:

«Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարող է իրեն թույլ տալ ինձ սպառնալ: Հեռուստատեսության և ռադիոյի մասին ենք խոսում, տենց ելույթներով ծրագրեր ես անում, որ ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովազդ վաճառել, դնել այդ ծրագրերի մեջ, որովհետև ոչ ոք չի նայելու»,- ասաց ԱԺ նախագահը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին, որը ցանկանում էր դուրս գալ  նիստերի դահլիճից:

Սիմոնյանը նրան հորդորեց վերադառնալ դահլիճ: «Խնդրո՛ւմ եմ, նստիր ու լսի՛ր»,- դիմելով Մանուկյանին՝ ասաց ԱԺ նախագահը: Մանուկյանը, սակայն, լքեց ԱԺ նիստերի դահլիճը:

«Հիմա դո՛ւք պատկերացրեք մի իրավիճակ, որ 30 տարվա գաղջից հետո՝ մարդկանց ծեծելով սպանելուց, թալանելուց հետո, ընտրություններ կեղծելուց հետո, մարտի 1 ու հոկտեմբերի 27 անելուց ու մարդկանց գնդակահարելուց հետո ՀՀ քաղաքացին մի օր դուրս է գալիս ու կոալիցիոն Դաշնակցությանը, Հանրապետականին ճանապարհում է ու ազատվում է այդ մղձավանջից»,- նշեց ԱԺ նախագահը՝ այնուհետ նկարագրելով 1 տարի անց կորոնավիրուսի համավարակի բռնկումը, ԼՂ-ի վրա հարձակումը, զինվորականների կողմից սուտ տեղեկությունների տարածումը:

Նրա խոսքով՝ այս նոր՝ առաջին անգամ ընտրված իշխանությունը, բնականաբար, փորձում է փրկել իրավիճակը, այդ ընթացքում ներսում գործի է դրվում հինգերորդ շարասյունը: Հայրենասիրական, ազգային լոզունգների տակ փորձում են պետությունը քանդել, վերացնել պետականությունը: Գործի է դրվում այնուհետ պլան Բ-ն՝ ՀՀ-ին ներքաշել պատերազմի  մեջ, որպեսզի պատերազմը բերվի արդեն Հայաստանի տարածք, փոխել Հայաստանում իշխանությունը և բերել մարիոնետային իշխանություն, որը նախկինի պես «կպարի ուրիշի դուդուկի տակ»:

Վերլուծելով ներկայումս ստեղծված իրավիճակը՝ Սիմոնյանը հայտարարեց՝ այդ հինգերորդ շարասյունը հիմա շարունակում է գործել Ազգային ժողովում, համահունչ աշխատում հակառակորդների հետ:

«Ընդդիմությունը չի ուզում իշխանությունը վերցնի, և դրա ապացույցները շատ են: Ենթադրենք, եթե ուզում էիք իշխանությունը վերցնել, ինչի էր պետք Վազգեն Մանուկյանին բերել: Երբ մեզ ասում եք՝ աթոռից կառչած, եթե այդ աթոռը այդքան լավն է, 2020-ի ավարտին աթոռն այդքան լավն էր, ինչու ոչ ոք չհամարձակվեց այդ աթոռը վերցնել, Վազգեն Մանուկյանին բերեցիք: Որովհետև չէիք ուզում այդ իշխանությունը վերցնել:

2020-ից հետո իշխանությունը փողոցում գցած էր: Դուք չվերցրեցիք այդ իշխանությունը, որովհետև պետք չէր՝ պատասխանատվություն էր: Հետո էլ չուզեցիք վերցնել: Դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն, որպեսզի իշխանություն չվերցնեք: Բա պատասխանատվություն է, հետո ի՞նչ եք անելու: Դուք իշխանություն չեք ուզում վերցնել նաև հիմա: Ձեր նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է»,- հայտարարեց Սիմոնյանը:

Նա ընդդիմադիրներին մեղադրեց քաղաքական փակուղու մեջ գտնվելու համար: 

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, նշեց՝ այն, ինչ անում է Դաշնակցության հայաստանյան կազմը, այնպես, ինչպես նրանք վարկաբեկում են իրենց կուսակցությունը, չի արել ոչ ոք:

«Դուք հայտնվել եք Ազգային ժողովում պատերազմից հետո՝ «Հայաստան» դաշինքի ֆորմատով, Ռոբերտ Քոչարյանի տրամաբանության մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հաջորդ գումարման խորհրդարանում Դաշնակցությունը շատ քիչ ներկայություն կունենա: 

Հիշեցնենք՝ Մանուկյանը իր ելույթում հարցադրում էր արել՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից արձագանքել էր՝ դաշնակցական։ 

«Էդ ո՞վ ասեց, գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, գնացե՛ք մամուլը նայեք»,- ասել էր Մանուկյանը։

  • Կիսվել: