ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Շվեյցարացի պատգամավորը Կալասի այցը Հայաստան Բրյուսելի կողմից Երևանին աջակցության հանձնառության նշան է համարում

Շվեյցարացի պատգամավորը Կալասի այցը Հայաստան Բրյուսելի կողմից Երևանին աջակցության հանձնառության նշան է համարում

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի գնահատմամբ՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստան կատարած այցը պետք է դիտարկել որպես Բրյուսելի կողմից Երևանին ուղղված աջակցության հանձնառության նշան։ 

Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով վերջին շրջանում Հայաստանի ու Եվրոպական միության միջև խորացող գործընկերությանն ու այդ համատեքստում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ հունիսի 29-30-ը Երևան կատարած այցին։ 

«Կայա Կալասի այցը պետք է դիտարկել որպես հանձնառության նշան։ Այն Եվրոպական միության հանձնառության նշան է՝ աջակցելու Հայաստանին՝ որպես Կովկասում գործընկերոջ։ Սա միշտ չէ, որ այդպես է եղել։ Ընդամենը մի քանի տարի առաջ իր էներգամատակարարումն ապահովելու ճնշման ներքո ԵՄ-ն ինտենսիվորեն սիրահետում էր Բաքվին»,-նկատել է Մյուլլեր-Ալտերմատը։ 

Այդուհանդերձ, շվեյցարացի պատգամավորը մատնանշել է, որ չնայած ԵՄ-ի հետ հարաբերությունների ու գործընկերության մակարդակի խորացմանը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առումով Հայաստանի համար առավել կարևոր կլինեն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն ու կապերը։ 

«Հայաստանը ստացել է ԵՄ-ի այդ ազդանշանը, ինչը ողջունելի է արևմտյան արժեքների համայնքում՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ավելի կարևոր կլինեն տնտեսական առումով։ Սա, անկասկած, կհանգեցնի Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ բազմակի քննարկումների։ Այնուամենայնիվ, նույնիսկ ԵՄ-ն չի կարող անտեսել աշխարհագրությունը և պետք է ընդունի, որ Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ այս սերտ տնտեսական հարաբերությունները»,-ընդգծել է Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։

Հունիսի 29-30-ը Հայաստան էր այցելել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Այցի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը հայտնեցին գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

  • Կիսվել: