երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
«Շուտով մարդիկ օրհնելու են մեզ». Անի Խաչատրյանը՝ կոլապսի պատճառ դարձած երթեւեկության փոփոխությունների մասին

«Շուտով մարդիկ օրհնելու են մեզ». Անի Խաչատրյանը՝ կոլապսի պատճառ դարձած երթեւեկության փոփոխությունների մասին

Դուք խոսում եք խցանումներից, խոսում ենք մասնավոր մեքենաների մասին բայց բոլոր նորմալ երկրներում քաղաքային իշխանությունների լիազորությունների և պարտադիր պայմանների մեջ մտնում է նորմալ տրանսպորտային համակարգ ապահովելու հարցը։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ երթեւեկության վերջին փոփոխություններից հետո քաղաքում աղետալի վիճակ է ստեղծվել, մասնավորապես, հենց քաղաքապետարանի դիմացի հատվածում, որտեղ օրվա ցանկացած ժամի երկար խցանումներ են։

«Դրա համար պետք է ունենալ տրանսպորտային գծեր։ Այո, տրանսպորտից օգտվող քաղաքացիների և ավտոմեքենաներով օգտվող քաղաքացիների շահերը երբեմն ինչ-որ դեպքերում իրար հակասում են։ Մենք փորձում ենք անել ամեն հնարավորը։ Ապագայի պլաններում ունենք, շուտով կյանքի ենք կոչելու նոր ճանապարհների կառուցում։ Կարծում եմ՝ համարյա թե չկա երկիր, չկա մայրաքաղաք, որը չունենա խցանումներ։ Վերջերս նաև Փարիզում պաշտոնական այցով էինք և տեսնում էինք, թե ինչքան են ավելի շատ տեղ տալիս հասարակական տրանսպորտին, հեծանիվներին, քան մեքենաներին։

Այս պահի դրությամբ Երևանի ճանապարհները, որոնք դեռ չեն կառուցվել, թույլ չեն տալիս ունենալ լիարժեք տրանսպորտ, ազատել փողոցները խցանումներից»։

Դիտարկմանը, որ քաղաքապետարանի դիմաց ավտոբուսների համար նախատեսվել է երկրորդ գիծը, սակայն կանգառ անելու համար ավտոբուսը տեղափոխվում է առաջին գիծ, որքանով է դա տրամաբանական, Խաչատրյանը պատասխանեց. «Պետք է, չէ՞, ինչ-որ տեղից սկսել։ Մենք չենք որոշում, դա չի որոշում քաղաքային իշխանությունը, դա չի որոշում ուղղակի մարդ, որը չի հասկանում այդ գծանշաններից, թե որ գծում լինեն և թե ինչ անեն։ Դեռ Տարոն Մարգարյանի ժամանակից մենք ունենք տրանսպորտային ցանցի մեխանիզմ։ Եթե չեմ սխալվում, դեռ այդ նախագծով է գնում։

Դա լավագույն բանն է, որը նախկիններն արել են, բայց Հայկ Մարությանը եկավ ու կանգնեցրեց դա։ Պարոն Մարությանը դրա տակ սկսեց կոռուպցիոն ռիսկեր նայել և պրոցեսը 5 տարի կանգնած է եղել։ Այն ինչ հիմա արվում է, դա զրոյից նորից սկսվել է։ Այո, երբեմն կլինեն նաև այդ ճանապարհին կլինեն նաև խոչընդոտող բաներ»։

Լրագրողների դիտարկմանը, որ վարորդները 18+ հայհոյանքներ են տեղում քաղաքային իշխանությունների հասցեին, նա վստահեցրեց. «Շուտով կլսեք նաև քաղաքացիների օրհնանքները, որոնք օգտվում են տրանսպորտից։

  • Կիսվել: