Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր
Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։
Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․
- կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,
- հիգիենայի միջոցներ,
- հեծանիվ,
- ծխախոտի փոխարինիչներ,
- կենցաղային ապրանքներ,
- լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,
- դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,
- կոշկեղեն, խաղալիքներ,
- ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,
- բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,
- բնական մորթուց հագուստի առարկաներ, դրոշմավորում։
Փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Կփորձարկվեն նաև ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն օպերատորի տեղեկատվական համակարգի հետ։ Ի դեպ, փորձարկումը կընդգրկի դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ շղթան՝ դրոշմավորման ծածկագրերի պատվիրումից մինչև ապրանքների շրջանառությունից դուրսբերումը։
Ծագրերի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ապահովել Հայաստանում ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։ Մասնավորապես, նախաձեռնությունը միտված է ստվերային շրջանառության կրճատմանը, բիզնեսի համար արդար մրցակցային պայմանների ձևավորմանն ու սպառողների իրավունքների պաշտպանությանը։ Միաժամանակ, թվային համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների ներդաշնակեցմանը, ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժի պարզեցմանն, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների զարգացմանը։



