հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Շինծու դրդապատճառներով հետապնդելով Գարեգին Բ-ին՝ Փաշինյանն ուզում է նրան փոխարինել իր խամաճիկով. Ռուսաստանի հայերի միության նախագահ

Շինծու դրդապատճառներով հետապնդելով Գարեգին Բ-ին՝ Փաշինյանն ուզում է նրան փոխարինել իր խամաճիկով. Ռուսաստանի հայերի միության նախագահ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդումը նպատակ ունի նրան փոխարինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամակատարով: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Փաշինյանն այսօր պատրաստ է ամեն ինչի, միայն թե վերարտադրի իր իշխանությունը հունիսյան ընտրություններից հետո,- կարծում է Աբրահամյանը։- Շինծու դրդապատճառներով հետապնդելով եկեղեցական հիերարխներին, իսկ այժմ արդեն՝ ծայրագույն պատրիարքին և Ամենայն հայոց կաթողիկոսին, նա ցանկանում է նրանց փոխարինել իր խամաճիկներով՝ իր կամքը կատարող և իր օգտին քարոզող կամակատար կաթողիկոսով»։

Ըստ Ռուսաստանի հայերի միության ղեկավարի՝ Փաշինյանը պայքարում է Հայաստանի անկախ ինստիտուտների դեմ՝ իր իշխանությունն ամրապնդելու համար, և հենց այդ պատճառով էլ պայքարում է եկեղեցու դեմ։ Աբրահամյանը հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին «գրեթե 1700 տարով մեծ է, այսպես կոչված, չորրորդ հանրապետությունից, որը Փաշինյանը ցանկանում է հռչակել»։

«Նրա հայտարարած «իրական Հայաստանը»՝ 29 743 քառ. կմ սահմաններում, միավորում է 2,5-ից 3 միլիոն հայերի, իսկ Հայ եկեղեցին միավորում է ողջ հայ ժողովրդին՝ սփռված ամբողջ աշխարհում՝ ավելի քան 10 միլիոն մարդու»,- նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահը։

Նա հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին նաև միջազգային հարաբերությունների սուբյեկտ է, քանի որ գործելով աշխարհի բազմաթիվ երկրներում՝ անդամակցում է բազմաթիվ միջազգային եկեղեցական կազմակերպությունների և Փաշինյանից անկախ ֆինանսական ու կազմակերպչական-մոբիլիզացիոն հնարավորություններ ունի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: