Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, երբ ՀԽ-ի նախագահն էի, բավականին սուր վեճեր էինք ունենում. Վազգեն Մանուկյան
Հանրային խորհրդի գործառույթները տարբերվում են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբում իրականացվող գործառույթներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր, Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչն էր խանգարում, որ ակումբի այսօրվա համաժողովում քննարկվող հարցերը Հանրային խորհրդում բարձրացներ։
Նրա խոսքով՝ ակումբն ավելի քաղաքականացված է, իսկ Հանրային խորհրդի միսիան այն է, որ հարցերը քննարկեն վարչապետի հետ և առաջարկություններ արվեն. «Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, երբ ես Հանրային խորհրդի նախագահն էի, քննարկումներ անում էինք, դրանք փակ հանդիպումներ էին ու բավականին սուր վեճեր էինք ունենում։ Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի հետ չհաջողվեց այդ ձևաչափը։ Կարևորում եմ, որ երկրի ղեկավարը պիտի ունենա տեսլական, հստակ ձևակերպի, թե ինքն ինչպիսի Հայաստան է ուզում կառուցել, որովհետև երկրի ղեկավարից շատ բան է կախված։ Եթե գար, մենք շատ կոշտ խոսակցություն կունենայինք, ինչպես այստեղ։ Չեկավ, չունեցանք»։
Դիտարկմանը, թե Հանրային խորհրդում էլ ինքը քաղաքական հայտարարություններ էր անում, թեև պետք է չեզոք լիներ, Վազգեն Մանուկյանն ասաց, որ ինքը կոշտ գնահատականներ է տվել այն սխալներին, որոնք վտանգավոր են Հայաստանի համար։