Սերժ Սարգսյանի փաստաբանը՝ ՀՔԾ-ի կողմից 2008-2017 թթ-ին դեպի Բադեն-Բադեն չվերթներ իրականացնելու առնչությամբ քրգործի մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ:
Նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է․
«Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռի արտասահման թռիչքների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցին՝ անհրաժեշտ եմ համարում նախ և առաջ ընդգծել, որ անձամբ ինձ համար կանխատեսելի էր նույն ծառայության կողմից քննված քրեական գործի` (դիզելի գործ) դատարանում փլուզումը սկսվելու փուլում նախաձեռնել ՀՀ երրորդ Նախագահին «առնչվող» նոր քրեական գործի հարուցում. ինչ խոսք, պատվիրատուի սպասելիքները որևէ ձևով արդարացնել է պետք ...
Ինչ վերաբերում է այս նոր գործի դատարկությանը, ապա այս պահին նշեմ միայն, որ ՀՀ բոլոր նախագահներին, այդ թվում` պաշտոնաթող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ի թիվս անվտանգության ապահովման, տրվել են նաև մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնց պայմաններում առնվազն տարակուսելի է օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելը դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Հաշվի առնելով այս չգործի քննության սկզբնական փուլը` պաշտպանական մարտավարությունից ելնելով, ներկայումս ձեռնպահ եմ մնում առավել մանրամասն մեկնաբանություններից, այս գործի հարուցման հիմքերի սին լինելը կներկայացնեմ հետագայում, սակայն հավաստիացնում եմ, որ ոչ մի շինծու քրեական գործի հարուցումով հնարավոր չի լինելու հասարակության ուշադրությունը շեղել օրհասական վիճակում գտնվող մեր պետության համար անհապաղ լուծում պահանջող անվտանգային, պաշտպանության, առողջապահական և այլ խնդիրներից:
Տեսարաններ ապահովելու հարցում ցանկացած միջոցի դիմելն արդեն իրեն սպառած պրակտիկա է»։


