ՍԴ-ն օկուպացվել է մի անձի կողմից․ ինչ պետք է, անելու ենք․ Նիկոլ Փաշինյան
Սահմանադրական դատարանի գործող նախագահը, խոսելով վաղ կենսաթոշակի օրենքի մասին, ասում է, որ ՍԴ անդամները հերոս են, դուխ է տալիս էլի: Այս մասին այսօր Այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք: ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանի նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից: Այսօր մենք ունենք ԱԺ-ի կողմից ընտրած ՍԴ, սակայն պարզվում է, որ այդ դատարանի նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Մենք չենք կարող այս իրավիճակին նայել այնպես, որ մի թեթև կեղծիք է եղել ու մինչև 2035 թվականն այդ կարգավորումը չի գործելու»:
«Պաշտոնական կեղծիքի արդյունքում Սահմանադրական դատարանն օկուպացվել է մի անձի կողմից և մի խմբի կողմից: Այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է: Մենք չենք կարող անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել այս ամեն ինչին»:
Հարցին, թե ինչ են անելու, Փաշինյանն ասաց՝ ինչ պետք է, դա էլ անելու են.
««Մենք ասում ենք՝ ՍԴ անդամներ, խնդրում ենք, մի պայքարեք սեփական ժողովրդի, երկրի, երկրի ապագայի դեմ, մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաիքն ու ներքին ուժերի ֆորպոստ: Այս փուլում մենք այդպիսի խնդրանքով ենք հանդես եկել: Հարուցված է քրեական գործ ՍԴ նախագահի պաշտոնն օյկուպացնելու դեպքի առիթով:
Սահմանադրական դատարանի գործող նախագահը, խոսելով վաղ կենսաթոշակի օրենքի մասին, ասում է, որ ՍԴ անդամները հերոս են: Դուխ է տալիս էլի: Ես ուզում եմ հասկանալ՝ էտ հանուն ինչի՞ են պայքարում նրանք: Սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ են: Էտ ո՞ւմ դեմ է պայքարում ՍԴ-ն, հանուն ինչի՞, հանուն Հայաստանում իրավական ժողովրդավարական պետությա՞ն, լո՞ւրջ: Բա 2013 թվականի նախագահական ընտրությունները, բա Հայաստանի բոլոր ժամանակների կեղծված ընտրություննե՞րը, բա 96 թվականին կեղծված նախագահական ընտրություննե՞րը: Բա 98 թվականի նախագահական ընտրություննե՞րը, 2003-ի նախագահական ընտրությունները, 2008 թվականի ընտրությունները: Հանուն ընտրակեղծիքների մղվող պայքարի հերոսի կոչո՞ւմ է շնորհում»: