երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Դատավորը վերահաստատեց ՔՊ–ի խոսույթը. փաստաբան

Դատավորը վերահաստատեց ՔՊ–ի խոսույթը. փաստաբան

ՍԴ–ից մեզ հավաստիացրեցին, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ այս գործով քննությանը մասնակցելու անհնարինության հարցի վերաբերյալ շատ լայնածավալ քննարկում են ունեցել և համոզվել են, որ նա անկողմնակալ է։ Այս մասին ՍԴ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ–ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Սեդա Սաֆարյանը դատավարության ընթացքում մինչ այս պահը խոսքով հանդես չէր եկել, և առաջին մեկնարկը, որ նա արեց, սկսեց վերահաստատել ՔՊ կուսակցության խոսույթը, ոչ թե ասաց՝ եռագլուխ, այլ ասաց՝ երեք ուժերին եմ ուղղում։ Եթե ընդունենք, որ առաջին անգամ վրիպակ էր, երկրորդ անգամ էլի շարունակեց, այն դեպքում, որ 7 ուժեր են դիմում ներկայացրել ՍԴ։

Դրանից հետո արդեն իր հայտարարությունները դուրս էին գալիս առհասարակ այս քննարկման շրջանակներից։ Ինքն օգտագործեց ի պաշտոնե այդ հարթակը, որպեսզի ևս մեկ անգամ առաջ բերի այն թեզերը, որոնք շրջանառվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Նախորդող երեք ծանրաբեռնված օրերի շրջանակներում իրավախախտումների, ընտրախախտումների հեղեղ էր, երբ ԿԸՀ–ն ընդունում է, որ ինքը փաստացի ամբողջ նախընտրական ժամանակաշրջանում կանաչ լույս է վառել, ասել է՝ ով ինչ ընտրախախտում ուզում է անի, ես չեմ դրան անդրադառնալու, չի կարողանում տարրական մաթեմատիկական հարցերին պատասխանել, թե ինչպես է հաշվարկը եղել, չի կարողանում բացատրել, թե որտեղից է իմացել, որ զինվորները քվեարկում են մինչև ուշ գիշեր։ Այդ հարցերին չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ. թե ինչու էր զինվորների քվեարկությունը մինչև X պահը ընդունելի, իսկ X պահից հետո, երբ արդյունքները պարզ եղավ, դարձան անվավեր։ Այստեղ միանշանակ են հանրության համար դառնում ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքերը, փորձում է այսպես հանրային ընկալման ուղղությունը փոխել այլ ուղղությամբ և առաջ բերել այն թեզերը, որոնք ակտիվորեն շրջանառվում են ՔՊ կուսակցության կողմից»,–ասաց նա։

  • Կիսվել: