չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին

Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին

Բնականաբար, սափրվելը հետևանքներ էր ունենալու: Այս մասին ԱԺ ճեպազարույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով պաշտոնանկություններին:

«Պատկերացնո՞ւմ եք՝ թախանձագին խնդրել է թողնել պաշտոնները, թե՝ Քաջ Նազարի պես՝ գյադեք, ռադ եղեք։ Սրանք էլ ռադ են եղել։ Նախորդ քառօրյայում հայտարարություն էի պատրաստել իրար ուտելու մասին։ Բայց որոշեցի չասել-չխանգարել։ Այսօր պետական ռեպրեսիվ ամբողջ ապարատը, ՔՊ-ականների կեղտոտ քարոզչությունն ուղղված է ընդդիմության դեմ։ Արդյունքներից դժգոհ է, փորձում է 0 կետից սկսել։ Նույն կանխատեսելի հետևանքներով։ Ողբերգությունը վերածվում է ֆարսի։ Դեպքերի զարգացման մի քանի սցենար կա։ Կապրենք, կաշխատենք, կտեսնենք»,- ասաց նա:

Վարդանյանը նաև նշեց, որ պետք չէ ափսոսալ: «Մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել։ Այդ պաշտոնյաները եղած, թե չեղած, միևնույնն էր: Սա մեկ բռնապետիկի որոշման արդյունք է և նրանք իրենցից որևէ բան չէին ներկայացնում, ինչպես որևէ բան չէին ներկայացնում այստեղ՝ Ազգային ժողովում: Նրանց մեջ չկա մի ինքնուրույն, մի ազատ մարդ, որ կարողանա Նիկոլի տեսակետներին, կարծիքներին հակադրվող մի բան ասել»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ փողոցում լիքը նման պաշտոնյաներ կգտնվեն, որոնց գործունեության արդյունքում է նաև մեր պետությունը և մեր հասարակությունն այս վիճակում ակնհայտ է, չէ՞։

«Ի՞նչ խնդիրներ կան իրենց ներսում։ Աստված իրենց հետ, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց որ այս մարդու ղեկավարությամբ Հայաստանը հեռանկար չունի և այս մարդը չարիք է մեր ամբողջ ժողովրդի համար, ես կարծում եմ, որ հասարակության բացարձակ մեծամասնությունն այդ կարծիքին է»,- ասաց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատման դիմումներ արդեն իսկ գրել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե, Քննչական Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

  • Կիսվել: