շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
Սամվել Կարապետյանին նույնիսկ 64 դրամի չարաշահման հետ առնչություն տեսնել հնարավոր չէ. Վարդեւանյան

Սամվել Կարապետյանին նույնիսկ 64 դրամի չարաշահման հետ առնչություն տեսնել հնարավոր չէ. Վարդեւանյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն անհիմն է համարել գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին ուղղված մեղադրանքները։ Նրա դեմ հարուցված քրեական գործի մասին խոսելիս Վարդևանյանը նշել է, որ Կարապետյանը տարիներ շարունակ խոշոր ներդրումներ է արել Հայաստանի տնտեսության և էներգետիկ համակարգի զարգացման համար։

«Սամվել Կարապետյանին անհնար է կասկածել նույնիսկ 64 դրամ, կամ թեկուզ 50 դրամ չարաշահելու մեջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան աբսուրդ է այս ամենը»,— հայտարարել է Վարդևանյանը։

ԱԺ փոխնախագահը Կարապետյանի գործունեությունը Հայաստանում անբաժան է համարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Հիշեցնելով 2015 թվականի «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաները՝ նա նշել է, որ Կարապետյանը ստանձնել է ընկերության կառավարումը, պահպանել այն և զարգացման համար ներդրել շուրջ 700 միլիոն դոլար։

«Ստանձնելով այդ խնդրի պատասխանատվությունը՝ Սամվել Կարապետյանը ոչ միայն պահպանեց ընկերությունը, այլև մոտ 700 միլիոն դոլարի ներդրում արեց»,— ընդգծել է Վարդևանյանը։

Նա նշել է, որ էներգետիկ ոլորտում խոշոր մասնավոր ընկերության գործունեությունն ինքնին խախտում չէ։ Այլ երկրներում ևս խոշոր ընկերություններ են կառավարում էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ շուկայում մեծ մասնաբաժինը դեռ չի նշանակում չարաշահում։

Վարդևանյանը որպես օրինակ բերել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգը, որտեղ էներգետիկ համակարգը նույնպես սպասարկում են խոշոր ընկերություններ։ Նրա խոսքով՝ շահույթ ստանալն ու կորպորատիվ որոշումներն ինքնուրույն կայացնելը մասնավոր բիզնեսի բնականոն աշխատանքի մաս են։

«Ընկերությունն իր գործունեությունից շահույթ է ստանում, բայց միաժամանակ պահպանում է կորպորատիվ որոշումներ կայացնելու ինքնուրույնությունը։ Չի կարելի պնդել, թե նման ընկերության գոյությունը կամ տնտեսության մեջ նրա մասնակցությունն արդեն իսկ խախտում է»,— ասել է քաղաքական գործիչը։

Վարդևանյանը քննադատել է նաև իշխանությունների վերաբերմունքը Կարապետյանի և նրա բիզնեսի նկատմամբ։ Նրա համոզմամբ՝ պետք է հստակ տարանջատել տնտեսական հարցերը, կառավարման պատասխանատվությունն ու քրեական մեղադրանքները։ Վերջիններիս համար, ըստ նրա, անհրաժեշտ են կոնկրետ հիմքեր։

Ելույթի վերջում ԱԺ փոխնախագահը նշել է, որ քաղաքական հակամարտությունները մնում են անցյալում, իսկ երկրի զարգացման գործում մարդկանց ներդրումը՝ պատմության մեջ։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի դեմ քրեական վարույթներն ի վերջո հայտնվելու են պատմության աղբանոցում։

Վարդևանյանը նշել է, որ Կարապետյանը երկար տարիներ աջակցել է Հայաստանին ու հայ հասարակությանը։ Ուստի, ըստ նրա, Կարապետյանի գործունեությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նրա ներդրումներն ու ստանձնած պարտավորությունները։

«Այս ճգնաժամային իրադարձությունները կանցնեն, կմոռացվեն, և ի վերջո պատմությունն ամեն ինչին իր գնահատականը կտա։ Բայց այսօր մենք խոսում ենք ներդրումների, վնասի ու պատասխանատվության մասին։ Չի կարելի անտեսել այն ամենը, ինչ Սամվել Կարապետյանն արել է Հայաստանի համար»,— եզրափակել է Վարդևանյանը։

  • Կիսվել: