Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ. Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ելույթի ժամանակ միացրեց Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի ձայնագրությունը, որտեղ վարչապետը հայտարարել է. «Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում ՀՀ-ում»։
Պատգամավորը հավելեց, որ Փաշինյանը վերջում առաջարկել է նաև ծափահարել թե՛ Սամվել Կարապետյանին, թե՛ Ռուբեն Վարդանյանին։
«Ես գիտեմ՝ ինչու են իրենք ներդրում արել ՀՀ-ում և Արցախում, որովհետև ՀՀ-ն և Արցախն իրենց հայրենիք են, և նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Իսկ ինչու է հիմա Սամվել Կարապետյանն այս իշխանության օրոք կալանավորված, և ինչու է Ռուբեն Վարդանյանն Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես ևս գիտեմ՝ որովհետև դուք երկուսդ էլ ատում եք հայ ժողովրդին և հայկական պետականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը»,- նշեց Գրիգորյանը:
Պատգամավորի խոսքով՝ Կարապետյանի հանդեպ իրականացվածն ընդհանրապես ուժի գործոն չէ, ուժի ցուցադրություն չէր, այլ բացառապես թուլության, վախերի ցուցադրություն:
«Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչի՞ց եք էլի այդքան վախենում: Մարդն ընդամենն ասել է, որ եկեղեցու կողքին կանգնած է լինելու, եկեղեցուն է պաշտպանելու, այդ ի՞նչ մի այսպես վախեցած, սարսափած վիճակում եք գտնվում: Այո, պետք է արձանագրել՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքն առհասարակ ատում է հաջողակ մարդկանց, ատում է այն մարդկանց, ովքեր հաղթանակի հետ են ասոցացվում, ատում է մարդկանց, ովքեր արժեք են ստեղծում:
«Էական չէ, թե այդ մարդիկ ովքեր են՝ նախագահներ լինեն, զինվորականներ լինեն, բիզնեսմեններ լինեն, թե ուղղակի սպորտսմեններ, օրինակ, Հենրիխ Մխիթարյանի դեպքում, Լևոն Արոնյանի և մյուսների դեպքում: Հատկանշական է, որ այս մարդը երկրի սահմաններից դուրս թշնամիներ չունի, իր բոլոր թշնամիները ՀՀ-ում են, հայի անուն ազգանուն ունեցող մարդիկ են միայն նրա թշնամիները: Այլ ձև չես կարող բացատրել, թե ինչպես է, օրինակ, Նիկոլ Փաշինյանն այսպես վիզը ծուռ կանգնում Ալիևի առաջ, ասում՝ է, արի գնանք սուրճ խմենք, կամ Էրդողանի գիրքն այդպես ոգևորված իր կրծքին սեղմում, կանգնում, հետո գալիս ՀՀ թուր ճոճում բոլորի նկատմամբ»,- ասաց նա: