չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Սահմանադրություն ունենալը եղել է հեղափոխությունից հետո. Ո՞ւր էր այդ ժամանակ Ալիևը. Գալյան

Սահմանադրություն ունենալը եղել է հեղափոխությունից հետո. Ո՞ւր էր այդ ժամանակ Ալիևը. Գալյան

Ընտրակարգի հետ կապված գուցե անենք որոշակի հստակեցումներ՝ հենվելով համամասնական ընտրակարգի վրա, որպեսզի բացառենք մեծամասնական շատ տարրերի առկայությունը: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Սա ենթադրում է ոչ միայն Սահմանադրության փոփոխություն այս առումով, այլ ենթադրում է նաև ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններ»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ ռեյտինգային թեկնածուներ չեն լինելո՞ւ, նա պատասխանեց. «Այն չափով, որքանով, որ այսօր կան, գուցե պահպանվեն, եթե խոսքը առաջին երեք համարի մասին է: Բայց կան այլ մոտեցումներ, որոնք այս պահին քննարկվում են և հետագայում իհարկե, երբ հանձնենք այդ մոտեցումները ամբողջությամբ թղթին, մենք միանշանակ հանրության հետ յուրաքանչյուր հարցի հետ կապված կոմունիկացիա կունենանք։»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կա պնդում, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիեւի պահանջով, Գալյանն արձագանքեց. «Իշխանության օրակարգում նոր Սահմանադրություն ունենալը եղել է հեղափոխությունից հետո։ Ո՞ւր էր այդ ժամանակ Ալիևը, ու՞ր էին այն խնդիրները, որոնք այսօր բովանդակության հետ կապված դուք հարցնում եք»:

  • Կիսվել: