Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա․ Ալվինա Գյուլումյան
ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը այսօր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հավաստեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա։
«Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ճգնաժամ է ստեղծվել, և ես ցավում եմ, որ իմ գործընկերը (ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, խմբ․), եթե ճգնաժամ թր տեսնում, այդ հարցը չէր բարձրացնում մինչև իր ՍԴ դատավոր ընտրվելը, կամ գոնե հեղափոխությունից անմիջապես հետո: Ոչ միայն նա, որևէ այլ ոք այդ հարցը չէր բարձրացնում»,- ասաց նա ՝ շեշտելով, որ դա մտածելու տեղիք է տալիս, թե ինչո՞ւ հենց այս պահին:
Նա շեշտեց, որ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրելու գործընթացում որևէ սահմանադրական նորմի խախտում չի եղել:
«Ինչ վերաբերում է հարցին, թե մենք ի՞նչ ենք առաջարկում, բնականաբար, մենք հակասահմանադրական ոչինչ չենք առաջարկում ու հակասահմանադրական ոչինչի հետ համաձայնել չենք կարող: Մի տարբերակ կա՝ դա նոր Սահմանադրության ընդունումն է»,- ընդգծեց Գյուլումյանը: