Սա նշանակալի և խորհրդանշական քայլ է. Միրզոյանը՝ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման մասին
Ուրախ եմ, որ նախարար Աբդոլլահիանի այս այցը կնշանավորվի նաև մի շատ կարևոր իրադարձությամբ՝ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ, որին մենք գործընկերոջս հետ կմասնակցենք վաղը: Այս մասին այսօր Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա նշանակալի և խորհրդանշական քայլ է, որը վկայում է երկու երկրների և բարեկամ երկրների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին:
Վստահ եմ, որ Իրանի գլխավոր հյուպատոսությունն իր դրական ներդրումը կունենա Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և գիտամշակութային ոլորտների զարգացման գործում՛՛:
Իր հերթին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ադոլլահիանը նշեց, որ հյուպատոսություն հիմնելու միջոցով հնարավոր կլինի ավելի դյուրին և հարմար պայմաններ ստեղծել:
՛՛Շատ կարևոր է ճանապարհների հարցը: Կապանում՝ Սյունիքի մարզում, Իրանի հյուպատոսության բացումն այն կարևոր աշխատանքներից է, որը մենք վաղը պետք է իմ գործընկերոջ հետ իրականացնենք՛՛,- ասաց Իրանի ԱԳ նախարարը:


