շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիների նկարները շատ ծանր տպավորություն են թողել. ջանքեր գործադրում ենք, որ վերադառնան Հայաստան. Արմեն Գրիգորյան

Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիների նկարները շատ ծանր տպավորություն են թողել. ջանքեր գործադրում ենք, որ վերադառնան Հայաստան. Արմեն Գրիգորյան

Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դուք այսօր տեսել եք նաեւ ԱԳՆ հայտարարությունը, ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունը օգտագործել է բոլոր այն գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումը այն է, որպեսզի բոլոր գերիները ազատվեն, այսինքն այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան Հայաստանի Հանրապետություն: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր  գերիները, որոնք Ադրբեջանում են»,-ասաց նա: Ճշտող հարցին՝ կոնկրետ, ի՞նչ է անում Հայաստանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հրապարակային շատ ջանքերի մասին դժվար կլինի խոսել։ Ես կարող եմ մեկ օրինակ բերել, եթե հիշում եք, 2023 թվականի գերիների ազատման մասին: Մենք հրապարակային դրա մասին շատ չէինք խոսում, ավելի շատ կենտրոնանում էինք աշխատանքի վրա:

Ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա այդ մասով, բայց հարցը շատ նուրբ է, և աշխատանքը, որը տարվում է այդ ուղղությամբ, որ բոլոր գերիները ազատվեն և գան Հայաստան, ամենօրյա է, ամենժամյա է: Հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ»:

Դիտարկմանը, որ այս պահին Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է եւ կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել: Նախկինում գերիները ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք»:

ԱԽ քարտուղաը հավաստիացրեց, որ բոլոր երկրների հետ էլ շփումներում այդ հարցերը բարձրացվում են:

  • Կիսվել: