ՌԴ-ն խաղաղության պայմանագիրը դիտարկում է որպես փաստաթուղթ, որը կազդի Հայաստանում իր ներկայության վրա. Արսենյան
Հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ ականատես ենք նախաձեռնությունների, հարթակների շքերթի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Բրյուսելի հարթակը կա, բայց կա նաեւ այլ հարթակ, որը երկար ժամանակ ակտիվ մասնակից է եղել, միջնորդ կողմի ներկայացուցիչ է եղել, դա Ռուսաստանն է: ՌԴ-ի պարագայում էլ պետք է կարողանանք արձանագրել փաստը, որ ՌԴ-ն իր սեփական շահերն ունի խաղաղության պայմանագրի կնքման պրոցեսում»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում են մի շարք առանցքային պայմանագրեր, որոնք ամրագրում են ռազմավարական հարաբերությունները, Հայաստանում ռուսական բազայի ներկայությունը, ինչպես նաև համատեղ ՀՕՊ համակարգի առկայությունը և այլն. «Այս ֆոնին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր խաղաղության պայմանագիրը դիտարկում է որպես փաստաթուղթ, որը որոշակի առումով պետք է անդրադառնա նաև Հայաստանում ռուսական ներկայության հետագա հարցերին»,– ասաց նա:
Պատգամավորը դա միանգամայն բնական և հասկանալի երևույթ է համարում ու հավաստիացնում է, որ Հայաստանը չի վիճարկում Ռուսաստանի նման դիրքորոշումը:
«Արդյոք մեր գործընկերը կունենա այս քննարկումներում իր ցանկությունների շարադրանքը, որպեսզի դա որևէ կերպ ընդգրկվի այդ պայմանագրում, դա տեխնիկական հարց է, որը կլինի հայկական կողմի քննարկման կիզակետում։ Ադրբեջանն էլ իր դիրքորոշման մեջ ընդգրկում է Թուրքիայի ցանկությունները։ Ուղղակիորեն Թուրքիան չի մասնակցում բանակցություններին, բայց, իմ կարծիքով, իր ցանկությունները արտահայտված են այն տեքստում, որը մեզ առաջարկում է Ադրբեջանը»,– ասաց պատգամավորը։
Այս պահին ՌԴ–ն նույն կերպ վարվում է, թե` ոչ, Արսենյանը դժվարանում է պատասխանել։ Բայց եթե նման բան լինի, ապա նա վստահեցնում է, որ հայկական կողմը քննարկումների ընթացքում կներկայացնի իր դիրքորոշումը։


