ՌԴ-ն հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին. Զախարովա
Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին՝ բոլոր ներգրավված կողմերի շահերը անվերապահորեն հաշվի առնելով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում խոսվում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։ Ռուսաստանը 100 տոկոսով հավատարիմ է մնում իր պարտավորություններին:
Մենք վստահ ենք, որ նման բանաձևը համապատասխանում է ոչ միայն Երևանի ու Բաքվի, այլև բոլոր հարևանների, նկատի ունեմ տարածաշրջանի հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերին»։
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2021 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների որոշմամբ, ձևավորվել է պայմանավորվածությունների հիման վրա, սակայն նրա աշխատանքը դանդաղել է։
«Ցավոք, այդ խմբի աշխատանքը մեր մեղքով չէ կանգ առել։ Կարծում եմ՝ կռահում ենք, թե ում կողմից»,- ասել է նա: