երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար (տեսանյութ)

ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար (տեսանյութ)

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Յանեշ Լենարչիչը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն աշխատել է Հայաստանում ապրիլի վերջից՝ հետևելով ընտրական գործընթացի բոլոր փուլերին։ ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ՝ Հայաստանի իրավական շրջանակը ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ապահովում է ամուր հիմք, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու տարածքային ընտրական հանձնաժողովները գործել են թափանցիկ և անաչառ կերպով, գրում է factor.am-ը:

«Իհարկե, մենք բացահայտել ենք տարբեր խնդիրներ, բայց ուզում եմ նախ շեշտել, որ Հայաստանի ընտրողներին տրվել է իրական ընտրություն կատարելու հնարավորություն՝ մասնագիտական պրոֆեսիոնալ կերպով կազմակերպված ընտրական գործընթացի և աշխույժ ու բազմակարծիք, թեև հաճախ խիստ բևեռացված քարոզարշավի պայմաններում: Ցավոք, նրանք ստիպված էին այդ ընտրությունն անել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշումների պայմաններում, որոնք հիմնականում արտահայտվում էին պատժիչ առևտրային քայլերի և հետո ամենօրյա սպառնալիքների հետագա բացասական հետևանքների վերաբերյալ՝ կախված իրենց կատարած ընտրությունից»,- նշեց Յանեշ Լենարչիչը։

ԺՀՄԻԳ-ը չի արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում, սակայն դիտորդները ստացել և փաստագրել են ընտրողների, այդ թվում՝ հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների և խրախուսումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ՝ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Նման դեպքերը վերագրվում են իշխող կուսակցությանը։

«Լրատվական միջավայրի վերաբերյալ մեր գնահատականը հիմնված է համակարգված մեդիամոնիթորինգի վրա: Դիտարկված լրատվամիջոցների մեծ մասը տարածել է փոխադարձ մեղադրանքներ և քարոզարշավի պառակտիչ հռետորաբանություն: Ընտրական մրցակիցների ծրագրերի բովանդակային վերլուծությունը սահմանափակ է եղել և Հանրային հեռարձակողը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է իր հանրային առաքելությանը: Միևնույն ժամանակ, որոշ մասնավոր լրատվամիջոցներ ցուցաբերել են հակառակ միտումը՝ կառավարությանը ներկայացնելով բացասական լույսի ներքո և առավելապես նպաստավոր կերպով լուսաբանելով ընտրված ընդդիմադիր մրցակիցներին: Այս ամենը սահմանափակել է ընտրողների հնարավորությունը՝ ստանալու անաչառ և վերլուծական տեղեկատվություն ընտրական մասնակիցների մասին»,- ընդգծեց ԺՀՄԻԳ տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: