Քանի մենք կանք, դա տեղի չի ունենալու, սա Հեյդարի որդի Իլհամին էլ եմ ասում, նրա դեսպանին էլ, որը նեռն է մեր երկրում. Բագրատ Սրբազան
Այսօր Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցում բնակիչների հետ հանիդպումից առաջ ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազան լրագրողնեի հետ զրույցում նշեց, որ իշխանության ներկայացուցիչները որեւէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանի օրեցօր ավելացող սպառնալիքներին:
«Այս տասը օրը ամբողջ ադրբեջանական կառավարությամբ, մամուլով, բոլոր շերտերով բառիս ամենալայն իմաստով բոլոր հնարավոր թեզերը, տարբերակները, գաղափարները պարտադրանքի, սպառնալիքի լեզվով արտահայտվում են: Իսկ կարո՞ղ եք ասել՜ ՀՀ կառավարությունից քանի՞ նախադասություն է լսվել այդ ամբողջի մասին, արձագանքողները միայն ընդդիմադիր թեւի գործիչներն են, կառավարության մակարդակով ձայն չկա, սա այն ցուցիչն է, որ մենք կառավարություն չունենք, չգոյություն է՝ գաղափարապես եւ ֆիզիկապես նաեւ, քանի որ տեսադաշտում չեն:
Բոլոր թեզերը, որ արտահայտվել են Ադրբեջանի կողմից՝ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ, տարածքային զիջումներ, Արեւմտյան Ադրբեջան, այդ բոլորը, շատ հստակ ասում եմ, քանի մենք կանք, տեղի չի ունենալու, Հեյդարի որդի Իլհամին էլ եմ ասում, նրա դեսպանին էլ եմ ասում, որը նեռն է մեր երկրում»,-նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ աշնանն ավելի ակտիվ պայքար սպասվու՞մ է: Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է։
«Միանշանակ: Սեպտեմբերի առաջին շաբաթը մենք մեծ հանդիպում ենք ունենալու, որի ընթացքում կխոսենք մեր գործողությունների մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ որքան իրենք ավելի շատ մանրամասներ են հայտնում պայքարի ընթացքի մասին, այնքան իշխանություններն ավելի մեծ ջանքեր են ներդնում՝ նախապատրաստվելու ճնշել այն։
«Մենք տեղեկություններ ունենք այդ մասին»,- ասաց Սրբազանը՝ խոստանալով ավելի ուշ փաստեր հրապարակել և վերահաստատելով նաև, որ ակտիվ պայքար, միևնույն է, լինելու է։