կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Քաղաքական «մառոդյոռը» ձեռքի մատանուց զատ, դրա ականջօղերն էլ ունի, ճիշտ կանի դա էլ կրի. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Արամ Սարգսյանի մասին

Քաղաքական «մառոդյոռը» ձեռքի մատանուց զատ, դրա ականջօղերն էլ ունի, ճիշտ կանի դա էլ կրի. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Արամ Սարգսյանի մասին

Վերջերս դարձյալ դաշտ է նետվում ու շահարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ «Մեղրու հանձնման» կամ «փոխանակման»՝ բազմիցս չարչրկված թեման: Այն շահարկելով՝ վերջին շրջանում առավել հաճախ աչքի է ընկնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ում, ի միջի այլոց, ժամանակին նշանակել և ազատել էր Ռոբերտ Քոչարյանը: 

Թեև այս բազմաչարչար հարցին փաստաթղթերով և հիմնավորումներով պատասխաններ տրվել են, այնուամենայնիվ թեման շարունակում են շրջանառության մեջ մտցնել:

Yerevan.Today-ը Արամ Սարգսյանի՝ «Մեղրին հանձնելու» մասին հերթական հարցազրույցի շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին:

Միկոյանը հարցազրույցին ծանոթ չէր, դիտելուց հետո Yerevan.Today-ին փոխանցեց հետևյալը.

«Ծանոթացա ձեր նշած սուբյեկտի հերթական ցնդաբանությանը: Ավելի համոզվեցի, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ամենաճիշտ քայլերից մեկը այդ քաղաքական պատահականությանը վարչապետի աթոռից հեռացնելն է եղել: Քի Վեսթի փաստաթղթի մասին նախագահ Քոչարյանն իր գրքում հանգամանորեն գրել է, և այդ փաստաթղթով ոչ միայն որևէ «Մեղրի» չէր տրվում Ադրբեջնին, այլև Արցախը միանում էր Հայաստանին: Ի դեպ, այդ փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Հեյդար Ալիևը: 

Օրինաչափ է, որ հայ իրականության ամենահայտնի քաղաքական մառոդյորն իր հնարած կեղծիքները պատմելիս հղում է անում բազմաթիվ մահացած մարդկանց: 

Այդ հարցազրույցում ամենաուշագրավը դրա մատանին էր. վստահ եմ՝ այդ մատանու ականջօղերն էլ ունի. ճիշտ կանի՝ կրի, ավելի դիտարժան կլինի»:

Պարոն Միկոյանի խոսքով, «Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման, կատարյալ սուտ լինելով հանդերձ,  վաղուց արդեն հետաքրքիր էլ չէ, ուստի գոյություն չունեցած բաների շուրջ մտավարժանքներին ծաղրելուց բացի այլ արձագանքի իմաստ չի տեսնում:

  • Կիսվել: