Փողի գողը գող է, հողի գողը գող չէ՞․ Տիգրան Ավինյանը՝ ապօրինի շինարարության մասին
Հաշվետու ժամանակաշրջանում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել է ընդհանուր 81 արձանագրություն: Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ ապօրինի շինարարության դեմ պայքարը մնում է մեր ամենախնդրահարույց զանցանքներից մեկը, և Երևանի առաջ ծառացած ամենաբարդ խնդրներից մեկը, և այս մշակույթի դեմ պայքարելը դժվար է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրությունները, քանդումները, որ իրականացվում են, մեր մշակույթում և վարվելակերպում պետք է փոփոխություններ բերեն, և պետք է ընկալենք, որ առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարություն մեր քաղաքում ընդունելի չէ և չի կարող լինել»,- ասաց նա:
Ըստ Ավինյանի՝ այդ ապօրինի շինարարության պատճառով է, որ այսօր այգիներում կան տարատեսակ շինություններ, և այդ շինությունների տերերը փորձում են դրանք սեփականաշնորհել, երբ Երևանի քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներն այդ շինություններից, կրպակներից, որ փակում են մայթերը: Այդ պայքարի հետևանքով Երևանի քաղաքապետարանի դեմ տարբեր դատական պրոցեսներ կան հարուցված:
«Սիրելի՛ երևանցիներ, ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի: Ապօրինի շինարարության դեմ Երևանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով, և Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է պոտենցիալ նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված բալկոններ:
Մեր օրերում այդ դրսևորումները, չեմ կարծում, որ նորմալ են, որովհետև չի կարելի տարիներով խոսել այն մասին, որ փողի գողը գող է, հողի գողը գող չէ՞: Հողի գողն էլ է գող, և, առհասարակ, համայնքային հողի վրա կառուցված որևէ շինություն ամենակոշտ ձևով քանդվելու է: Եկեք մեր մշակույթից դուրս հանենք այդ մտածելակերպը: Դա առողջ մտածելակերպ չէ»,- ասաց նա: