Պետք է մեկընդմիշտ փակել պատերազմի դռները. դա հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ խաղաղությունը լինի երաշխավորված. Ծառուկյան
Հայաստանի համար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ երաշխավորված խաղաղության հասնելը, որը կբացառի նոր պատերազմի հնարավորությունը։ Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ոչ թե պարզապես խաղաղության համաձայնագիր ստորագրի Ադրբեջանի հետ, այլ հասնի դրա պահպանման միջազգային երաշխիքներին։
«Պետք է մեկընդմիշտ փակել պատերազմի դռները։ Դա հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ խաղաղությունը լինի երաշխավորված, իսկ մեր կողքին գտնվեն մեր հիմնական դաշնակիցները, որոնք իրենց ստորագրությունները կդնեն ձեռք բերված պայմանավորվածությունների տակ՝ այդպիսով երաշխավորելով դրանց կատարումը»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած ձեռք բերված խաղաղության մասին իշխանությունների հայտարարություններին, անվտանգության առանցքային հարցերը մնում են չլուծված․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ հայ ռազմագերիները մինչ օրս հայրենիք չեն վերադարձվել։
«Եթե այսօր իսկապես խաղաղություն է, ապա ինչո՞ւ մեր գերիները չեն վերադառնում։ Ինչո՞ւ են շարունակվում նոր պահանջներ առաջադրվել»,-նշել է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ առկա խնդիրները պետք է լուծել բանակցությունների և կշռադատված դիվանագիտության միջոցով։
Ըստ Ծառուկյանի՝ արդյունքի հասնելու համար երկրին անհրաժեշտ են ամուր միջազգային կապեր, գրագետ բանակցային թիմ և ազգային շահերի շուրջ հասարակության համախմբում։
Իր թիմի իշխանության գալու դեպքում, նրա խոսքով, կադրային քաղաքականությունը չի կառուցվելու կուսակցական սկզբունքով։ Նրա խոսքով՝ առանցքային պաշտոնները պետք է զբաղեցնեն մասնագետները՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
«Մարդը կարող է լինել անկուսակցական կամ ներկայացնել մեկ այլ քաղաքական ուժ։ Կարևորը, որ նա ապացուցած լինի իր արդյունավետությունը և կարողանա օգտակար լինել պետությանը»,-ասել է Ծառուկյանը և կոչ արել տարբեր հասարակական և քաղաքական ուժերի միավորմանը՝ հայտարարելով, որ այսօր երկրին անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ են ապահովել անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը և լուծել քաղաքացիների սոցիալական խնդիրները։



