Պետք է հայտնի սկետչին հետևելով ասենք՝ մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք. Խանդանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև բանավեճի մասին
«ՀՀ-ում 2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, ՀՀ իշխանությունները զավթած խմբավորումները ժողովրդի ճնշման ներքո լքել են իշխանությունը և հետո ժողովրդի ճնշման ներքո Հանրապետական կուսակցության, Դաշնակցության, Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչներն ընտրել են Նիկոլ Փաշինյանին՝ որպես ՀՀ վարչապետ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ այդ հեղափոխությունը շարունակվում է առ այսօր. «Մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք: Մեր ժողովուրդի մեծ մասը սպասում է, որ դատաիրավական բարեփոխումների արդյունքում մեր երկրում արդարադատությունը վերջնական տեսքի գա՝ իր համապատասխան արդյունքներով և հետևանքներով»:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև առաջացած բանավեճին՝ ասաց. «Այդ քաղաքական ուժերը, որոնք հիմա բանավեճի մեջ են, պետք է նաև գործոն լինեն, որպեսզի իրենց վերաբերյալ այդ բանավեճը հանրային հետաքրքրություն ունենա: Այդ երկու քաղաքական ուժերը միասին վերցրած իրենց աջակիցներով այս դահլիճը հիմա գուցե դժվարությամբ լցնեն: Ինձ թվում է ուղղակի պետք է հայտնի սկետչին հետևելով ասենք՝ մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք»: