Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան գրառմանը:
Քոչարյանը, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ սա խոսք էր գնում պայմանագրի մասին:
Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից
1.Պայմանագիր՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի իր պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ:
2.Համաձայնագիր՝ ոչ պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի իրավական ուժ և այն խախտելը իրավական հետևանքներ չի առաջացնում:
P.S. ՔՊ, թե՞ ՔՀ(քաղաքացիական համաձայնագիր)»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը գրել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի»։