շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Նվերի մասին խոսակցություններն անհեթեթություն են». Փամբուխչյան

«Նվերի մասին խոսակցություններն անհեթեթություն են». Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պնդում է, թե իր դեմ պատվրրված արշավ է սկսվել։

«Արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցներ իմ մասին կեղծ, իրականությունից շեղված և, չեմ խուսափի այդ ձևակերպումից՝ պատվիրված արշավ են սկսել:

Ասածս վերաբերում է նաև այսօր՝ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված մի հոդվածի, համաձայն որի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներից արժեքավոր նվերներ եմ ստացել:

Նախ՝ ուզում եմ ասել, որ Հակոբ Հակոբյանի որդին՝ Խաչատուրն իմ մտերիմ ընկերներից է, ում հետ ունենք նաև ընտանեկան հարաբերություններ, ումից երբեք գույք նվեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթին, նրան նույնպես ճանաչում եմ, նախ՝ որպես նույն թաղամասի բնակիչ, ում հետ ներկայում ունեմ բարիդրացիական հարաբերություններ, և երբեք որևէ նվեր, թե՛ միջնորդավորված և թե՛ ուղիղ, չեմ ստացել:

Ըստ այդմ, թե՛ նախկինում, թե՛ ներկայում նվերի մասին խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են:

Նաև փորձ է արվում ամեն ինչ ներկայացնել կոռուպցիոն դրսևորումների համատեքստում, ինչը, բնականաբար, հերքում եմ և նաև հավելում, որ առնվազն զրպարտություն է:

Միաժամանակ տեղեկացնում եմ՝ սերիալ հիշեցնող, սուտ ու ստորության հասնող այս պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու»,- Facebook-ում գրել է փոխքաղաքապետը։

  • Կիսվել: